«Սրբապիղծները պետք է դուրս գան գյուղից». Մերձավանում պահանջում են, որ Ախտոյանները հեռանան գյուղից

Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հարազատները բողոքի ակցիա են անում Մերձավանում, պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից։

«Այդ սրբապիղծները պետք է դուրս գան գյուղից, որ հանգիստ ապրենք, 30 տարի հայրն է գյուղն ավիրել, հիմա էլ իր թուլեքն են, պետք է իրենց պատիժը կրեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց մերձավանցի մի կին։

Մեկ այլ մերձավանցի էլ ասաց, որ Փարաքարի ներկայիս համայնքապետ Օնիկ Ախվերդյանը ունի այն սկզբունքները, որն ուներ Վալոդյա Գրիգորյանը։

«Սատարում ենք նրան, հեռու՛ մնացեք Փարաքարից»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 

Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու  քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն էր: Վիրավորում էր ստացել նրանց հետ գտնվող երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը:

Ողբերգական այս միջադեպը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ։ Փետրվարին Մերձավանի նախկին համայնքապետի՝  ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբայրն է:

Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Հարությունյանը, ով կատարել է սպանությունները, ըստ լրատվամիջոցների, Օհանյան եղբայրների ընկերն է։

Այս թեմայով
am