Հատիսի գագաթին ոչ թե սովորական արձան, այլ ազգային միասնության ու ոգեշնչման նոր խորհրդանիշ է վեր խոյանում․ Իվետա Տոնոյան

Արդեն մեկ ամիս է, ինչ գործում է աշխարհում ամենաբարձր՝ Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության տեղեկատվական գրասենյակը, և այսօր կարելի է վստահաբար ասել, որ նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Ընթացիկ աշխատանքների մասին Tert.am-ը զրուցել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։
-Տիկին Տոնոյան, շուրջ մեկ ամիս է, ինչ տեղեկատվական գրասենյակը գործում է։ Ի՞նչ հետաքրքրություն է ցուցաբերվում Քրիստոսի արձան-համալիրի կառուցման նախագծի նկատմամբ։
- Հասարակական հետաքրքրությունը պարզապես աննախադեպ է։ Գրասենյակի բացման առաջին իսկ օրից հազարավոր զանգեր և հաղորդագրություններ ենք ստանում Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից։ Մարդիկ ցանկանում են իմանալ՝ ինչպես կարող են մասնակցել այս պատմական գործին։ Շատերն են գրանցվում կամավորական աշխատանքների համար՝ ոմանք ցանկանում են օգնել շինհրապարակում, ոմանք առաջարկում են իրենց մասնագիտական հմտությունները։ Կամավորների մի քանի խումբ արդեն իսկ մասնակցել են աշխատանքներին։ Առաջինը «Ես Կամ» նախագծի տարբեր տարիների հյուրերն էին, արվեստի մշակույթի ոլորտի գործիչներ, հաջորդիվ «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության անդամներն էին, արցախցի ընտանիքներ, ինչպես նաև «Ավտո Դրայվ» հաղորդաշարին մասնակցող ակումբների փորձառու վարորդները, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված «Հաղթանակի ժամանակը» հաղորդաշարի ստեղծագործական խումբը, իսկ նախօրեին հանրապետության տարբեր մարզերի ներկայացուցիչները։ Առաջիկայում արդեն իսկ նախատեսված են ևս մի քանի կամավորական խմբերի այցելություններ, քանի ներում են եղանակային պայմանները։ Սակայն հարյուրավոր մեր հայրենակիցներ էլ իրենց նախաձեռնությամբ են բարձրանում Հատիսի գագաթ։ Տեղում իհարկե մեր աշխատակիցներն ապահովում են անվտանգության բոլոր կանոները, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել այս գործընթացին։
-Ի՞նչ դեր ունի տեղեկատվական գրասենյակն այս գործընթացում։
-Մեր առաքելությունն է լինել կապող օղակ նախագծի և հասարակության միջև։ Մենք տրամադրում ենք հավաստի տեղեկատվություն, գրանցում կամավորների հայտերը, կազմակերպում հանդիպումներ և այցելություններ։ Բացի այդ, ակտիվորեն համագործակցում ենք ԶԼՄ-ների հետ, արձան-համալիրի կառուցման ընթացքի հետ կապված բոլոր զարգացումների մասին ֆոտոշարքերով և ռեպորտաժներով կիսվում ենք սոցիալական ցանցերում, որպեսզի յուրաքանչյուր ոք տեղեկացված լինի շինարարության ընթացքի և զարգացումների մասին։ Գագիկ Ծառուկյանի ամենօրյա ուշադրությունն ու սրտացավությունն այս նախագծի իրականացման գործում մեզ բոլորիս էլ ավելի է պարտավորեցնում լինել առավելագույնս ուշադիր՝ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու գործում։ Մենք գիտակցում ենք, որ այս նախագիծը պարզապես արձանի շինարարություն չէ, այլ ազգային միասնության ու ոգեշնչման նոր խորհրդանիշի կերտում։
-Տիկին Տոնոյան, նախօրեին մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ հանդես եկան հայտարարությամբ՝ ընդգծելով, որ երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի գաղափարախոսության քարոզման անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը վերաբերում այս նախաձեռնությանը։
-Վստահ եմ, որ պարոն Ծառուկյանն անձամբ անպայման կարձագանքի այս հայտարարությանը։ Իմ համար շատ ոգևորիչ է այն, որ մարզաշխարհի տարբեր սերունդների հազարից ավել ներկայացուցիչներ ստորագրել են հայտարարության տակ։ Երիտասարդության շրջանում արատավոր սովորույթների դեմ պայքարը, առողջ ապրելակերպի գաղափարների քարոզումը, ուսանողական սպորտի զարգացման անհրաժեշտությունը, հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած մեր ընկերների և եղբայրների՝ մարզվելու և սպորտով զբաղվելու հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածումը կարող է լուրջ հիմնաքար հանդիսանալ երիտասարդների համախմբման գործում։ Վստահ եմ այս նախագիծը մեծ ապագա է ունենալու, քանզի շատ լուրջ մտահոգություններ է բաձրաձայնում և շատ պատկառելի ու հեղինակավոր մարզաշխարհի ներկայացուցիչներ են ներգրավված։ Ինչպես և հայտարարության մեջ նշված է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի, ոչ օլիմպիական մարզաձևերի միության, ծնողական և ուսուցչական համայնքների, պետական և մասնավոր կառույցների համատեղ ջանքերով, վստահաբար հնարավոր է հասնել առավելագույն արդյունքի։ Այսօր հազարավոր մարզիկներ իրենց օրինակով ցույց են տալիս, որ առողջ ապրելակերպը հաջողության, հոգևոր ուժի և իրական ազատության ճանապարհն է։ Նրանց ձայնը հատկապես կարևոր է, քանի որ հենց մարզիկներն են, ովքեր կարող են ոգեշնչել երիտասարդությանը և դառնալ օրինակ՝ արժանապատիվ, ուժեղ և առողջ կյանքի համար։