Վանաձորի դրամատիկական թատրոնի տնօրենն իր տեղում չէ․ համացանցում հայտնվել է նրա հայհոյախառը տեսանյութը․ դերասաններն ահազանգում են

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն իր գործին չի տիրապետում։ Այս մասին NEWSPRESS.am-ին ահազանգել են թատրոնի մի շարք աշխատակիցներ, ովքեր պնդում են, որ ՀՀ ժողովրդական արտիստ, գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի անժամանակ կորստից հետո թատրոնը դանդաղ ու սահուն գնում է դեպի կործանում, քանի որ տնօրենն իր տեղում չէ։

Մեզ հետ զրույցում, թատրոնի աշխատակիցներից նշեցին, որ թատրոնում կան և՛ տեխնիկական հարցեր, և՛ շինարարության հետ կապված խնդիրներ, սակայն այն, որ տնօրենն իր գործում մասնագետ չէ, ավելի է խանգարում թատրոնի բնականոն աշխատանքին։

Թատրոնն ունի 35 աշխատող, որոնց, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ պահել է Վահե Շահվերդյանի արդի «դիրիժորական փայտիկը»։ 

Նրանից հետո ամեն ինչ թեև խախտվել է, բայց ակնհայտ է, որ ճիշտ կառավարման պարագայում կարելի է փրկել թատրոնը։

Մի տնօրենից մյուսին անցնելով` այսօր թատրոնը հայտնվել է մի կնոջ ձեռքում, ով երևի թե ինքը չի գիտակցում, թե ինչպես հայտնվեց այդ պաշտոնում։

Ավելի ճիշտ, ոչ միայն ինքը, այլև նրա շրջապատն ու ճանաչող մարդիկ հասկանում են, որ Լուսինե Սահակյանը Վանաձորի պատկերասրահի շարքային աշխատողից ավելին չէր գնա, եթե չլինեին ՔՊ-ական մերձավորները։

Մեր տեղեկություններով` նա անգամ թատրոնի տնօրենին վայել պահվածք չունի։ Բացի այն, որ Լուսինե Սահակյանը չի կարողանում առաջընթաց ապահովել թատրոնի համար, իր անվայել պահվածքով նաև հարվածում է թատրոնի վարկանիշին։

Մասնավորապես, համացանցում հայտնվել են նրա հայհոյախառն տեսանյութերը։ Լուսինե Սահակյանը հանրային տիրույթում փորձել է լուծել անձնական դաշտում հասունացած ինչ-որ կոնֆլիկտներ՝ իրեն պահելով ամենավերջին թափթփուկի նման։

Առկա է տեսանյութ, որտեղ արվեստի օջախի ղեկավար հանդիսացող տիկինը, փողոցային բառապաշարով դիմում է ինչ-որ անձանց, անուններ հնչեցնում ու անվայելուչ խոսքեր ասում նրանց։

Ելնելով էթիկայի կանոններից` մենք թույլ չենք տա մեզ, հրապարակել այդ տեսանյութը, որպեսզի հանդիսատեսը չհիասթափվի թատրոնից, քանի որ այսօր Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոնի դեմքը Լուսինե Սահակյանն է։

Նրա պահվածքը հարիր չէ թատրոնը ներկայացնող ղեկավարին ու պատիվ չի բերում ոչ թատրոնին ու ոչ էլ նրա անձնակազմին։ Այդ է պատճառը, որ Լուսինե Սահակյանն անգամ հարգանք չի վայելում տեղական իշխանության շրջանում մինչև իսկ այն աստիճան, որ նրա հրավերներն անտեսվում են վերջիններիս կողմից։

 

Դերասանախումբը մտահոգված է այս խնդրով, սակայն այլ լուծման տարբերակ չի տեսնում, քան Սահակյանի հեռացումը։

 

Այնպես որ, վատ չէր լինի, եթե ԿԳՄՍՆ-ն վերանայեր, թե որքանով է Լուսինե Սահակյանը կոմպետենտ իր պաշտում։ 

Այս թեմայով
am