Առևանգման դեպք՝ Երևանում․ իրանցի տղամարդուն սպառնացել են, որ որդին փոխանցի 250 հազար դոլար և 50 հազար դոլարի կրիպտոարժույթ

Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհամեդ Մ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, երբ գտնվել է Վարդանանց փողոցի 18/2 շենքի մոտ, իրեն են մոտեցել 4-5 տղամարդ, ովքեր քաշքշելով և հարվածներ հասցնելով, նստացրել են իրենց ավտոմեքենան, որի համարները և մակնիշը չի հիշում, և ավտոմեքենայի սրահում իր ծանոթ Մահդի Ն․-ն իր մոտ եղած դանակը ուղղել է դեպի իրեն, սպառնացել, որ կսպանի իրեն և ընտանիքի անդամներին, եթե չասի իր գումարների տեղը։
Այնուհետև իր մյուս կողմում նստած Մահդի Ա․-ն և ավտոմեքենայում գտնվող անձը, ում չի ճանաչել, սկսել են բռունցքներով հարվածներ հասցնել դեմքի և մարմնի տարբեր հատվածներին, զուգահեռ ստիպելով, որ ինքը զանգահարի որդուն, որպեսզի նա իր գումարները փոխանցի իրենց կողմից ուղղարկված անձին։ Իր տուն բարձրացած անձին որդին փոխանցել է 250 հազար դոլար, ինչից հետո կրկին սպառնալիքների ազդեցության տակ փոխանցել է 50 հազար դոլարին համարժեք կրիպտոարժույթ։
Ըստ տղամարդու, այդ ամենից հետո Մահդի Ա․-ի հետ բարձրացել է իր բնակարան, որտեղ վերջինս սպառնացել է, որ եթե կատարվածի մասին հայտնեն ոստիկանություն, կվերացնեն իրեն և ընտանիքի անդամներին, տվել 5 հազար դոլար՝ ասելով, որ շտապ վերադառնան Իրան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։