Շառլ Ազնավուր՝ մարդկության հավերժթրթռացող զարկերակ
2018 թվականի հոկտեմբերի 1-ին դադարեց բաբախել մեծ հայի և մեծ ֆրանսիացու սիրտը, որ դարձավ սիրո, տոկունության, երաժշտության համաշխարհային լեզվի խորհրդանիշ, հայ ազգի հպարտություն, լեգենդ, որի ժառանգությունը անգնահատելի է բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են մաքուր արվեստն ու կենսափիլիսոփայությունը։
Ի հիշատակ մեծն շանսոնիեի՝ Երևանի սրտում՝ Ազնավուրի արձանի առջև, հնչեց այն երաժշտությունը, որը դարձել է սերունդների աղոթք։ Ֆրանսիացի երգիչ Տիտիանո Արսոնը, երիտասարդ Ազնավուրի ձայնին այնքան մոտ տեմբրով, որ անգամ Անդրեա Բոչելլին է խոստովանում անհերքելի ընդհանրությունը, իր կատարումով Ազնավուրի ներկայության պատրանք ստեղծելուց։ Նրան միացել էին Երևանի Պ․Ի․ Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցի տաղանդավոր սաները, որոնք իրենց նվագակցությամբ մասնակիցը դարձան մեծն Ազնավուրի հիշատակի խորհրդին։
Աբովյան փողոցի պատահական անցորդները կանգ էին առնում՝ աչքերում արցունքներ ու դեմքերին զարմանք։ Նրանք ականատեսն էին այն հրաշքի, երբ երաժշտությունը վերածվում է կենդանի հիշողության, երբ յուրաքանչյուր նոտա դառնում է աղոթք, և յուրաքանչյուր բառ՝ սեր։
Տիտիանոյի հանդիպումը Պ․Ի․ Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցի սաների հետ՝ իր արտիստիկ մենեջեր Մարիայի Քոչարյանի ուղեկցությամբ ու նախաձեռնությամբ, նույնպես վերածվեց երաժշտաարվեստի տոնի։ Տիտիանոն և Մարիան պատասխանեցին երիտասարդների հարցերին․ Տիտիանոն երգեց երաժշտաարվեստի դպրոցի սաների նվագակցությամբ և անակնկալ մատուցեց՝ հնչեցնելով հայերեն երգ։
Հատկանշական է, որ Տիտիանոն մշտապեսելույթներ է ունենում Էրիկ Ուիլմսի հետ՝ երաժիշտ, 25 տարի շարունակ եղել է Շ․ Ազնավուրի նվագախմբի ղեկավարն ու դաշնակահարը։ «Տիտիանոյին նվագակցելիս փակում եմ աչքերս, ու ասես ժամանակը ետ է գնացել», -խոստովանում է Ուիլմսը։
Տիտիանո Արսոնի կատարումները վկայում են, որ իրական արվեստը չի մահանում․ այն ապրում է նոր սերունդների շուրթերին, նոր ձայներում ու նոր սրտերում։ Կան արժեքներ, որոնց ժամանակը ոչ միայն չի խամրեցնում կամ հաղթում, այլ վերաիմաստավորում-վերաժևորում է՝ դարձնելովնրանց հավերժի ճամփորդ։ Ազնավուրի արվեստը հենց այդպիսին է՝ հավերժ զարկերակ մարդու հոգում, որից սերունդները հույս ու կենսական հզոր լիցքեր են քաղելու դարեր շարունակ։