ՔՊ համագումարի ընտրությունները չեն համապատասխանում օրենքի պահանջներին
2025թ. սեպտեմբերի 21-ին կայացած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարի ընթացքում անցկացված վարչության և վերահսկող մարմնի ընտրությունները չեն իրականացվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան։
Ըստ ՔՊ-ի պաշտոնական հաղորդման՝ համագումարին մասնակցելու իրավունք ուներ 974 պատվիրակ, իսկ քվեարկությանը մասնակցել է 917 հոգի։ Սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչության և վերահսկող մարմնի անդամներ կարող են ընտրվել միայն այն թեկնածուները, որոնք ստացել են համագումարի ընդհանուր թվով մասնակիցների ձայների մեծամասնությունը՝ այս դեպքում առնվազն 458 ձայն։ Սակայն հաստատված 20-հոգանոց վարչության կազմում այդ շեմը հաղթահարել է ընդամենը 12 մարդ։ Վերահսկող մարմնի կազմում էլ միայն մեկ անձ է ընտրվել օրենքով սահմանված կարգով։
Բացի այդ, խախտվել է կանանց ներկայացվածության պահանջը. պահանջվող ձայների շեմը հաղթահարել է միայն մեկ կին թեկնածու։
ՔՊ համագումարը, ի դեպ, ընդունել է որոշում, ըստ որի վարչության կազմը պետք է լինի 20 հոգի, վերահսկող մարմինը՝ 7։ Ուստի, այս արդյունքները օրինական ուժ չեն կարող ստանալ, և ըստ օրենքի, կուսակցությունը պարտավոր է գումարել նոր համագումար և անցկացնել նոր ընտրություններ։
Եթե արդարադատության նախարարությունը առաջնորդվում է օրենքի գերակայության սկզբունքով, ապա այն չպետք է գրանցի այդ 8 վարչական և 6 վերահսկող անդամներին, որոնք չեն ընտրվել օրենքով սահմանված կարգով։
Այս իրավիճակը լուրջ հարցեր է առաջացնում իշխող ուժի կառավարման իրավական և կազմակերպչական կարողությունների վերաբերյալ։
Մարգարիտա Դավթյան