ՔՊ համագումար․ մենաշնորհի ամրապնդում և նոր դեմքերի առաջխաղացում
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համագումարը, որտեղ հնչեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուզական ու բարձրագոչ ուղերձները, ոչ միայն ներքին կուսակցական, այլև լայն քաղաքական նշանակություն ուներ։ Բացի երրորդ հանրապետության ավարտի և չորրորդի մեկնարկի մասին հռչակումներից, համագումարի հիմնական ինտրիգը վարչության նոր կազմի ձևավորումն էր։
Վարչության անդամների ընտրությունը ցույց տվեց, որ կուսակցությունում առաջ են անցնում ոչ թե սկզբունքային կամ երկարամյա գործիչները, այլ նրանք, ովքեր ունեն կազմակերպչական ռեսուրս, տեղերում ակտիվ կապեր կամ քաղաքական ճկունություն։ Նշանավոր էր այն, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նախկինում բազմաթիվ կուսակցություններ փոխած գործիչ, հավաքեց գրեթե նույնքան ձայն, որքան Փաշինյանը։ Նույն կերպ՝ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը ստացան ավելի շատ ձայներ, քան կուսակցության հիմնադիր անդամներից մի քանիսը։
Համագումարին նախորդած ներքին գործընթացները, ըստ որոշ աղբյուրների, վկայում են նաև ուղղորդված քվեարկությունների հնարավորության մասին։ Տիգրան Ավինյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը և այլ հեղինակավոր ՔՊ-ականներ այս անգամ հայտնվեցին կամ կազմից դուրս, կամ էլ՝ նվազ դիրքերում։ Մասնակիորեն դա պայմանավորված էր նաև կանանց մասնակցության քվոտայով։
Ընդհանուր առմամբ, համագումարը վերահաստատեց այն միտումը, որ ՔՊ-ում շարունակվում է առաջնորդի իշխանության կենտրոնացումը, իսկ վարչական-կուսակցական դիրքերը հաճախ տրվում են ոչ թե քաղաքական փորձի կամ արժեքային վաստակի, այլ՝ լոյալության և ներքին համակարգային կապերի հիման վրա։
Մարգարիտա Դավթյան