Չառլի Քըրքը սպանվել է սառնասիրտ հրեշի կողմից. ԱՄՆ-ում Թրամփի մասնակցությամբ տեղի է ունեցել ակտիվիստի հոգեհանգստի արարողությունը
Արիզոնայում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի կողմնակից, Յուտա նահանգի համալսարանի տարածքում սպանված ակտիվիստ Չառլի Քըրքի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է նախագահի ամբողջ վարչակազմը։
Արարողության ժամանակ ելույթ են ունեցել Դոնալդ Թրամփը և թիմի անդամները։
Լրատվամիջոցները նկատել են, որ ԱՄՆ նախագահը արարողությանը հետևել է մասնավոր օթյակից՝ նստած Իլոն Մասկի կողքին, ում հետ հուլիսին բուռն վեճ էր ունեցել։ Թրամփը և Մասկը զրուցել են, ձեռքսեղում կատարել:
Հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար ավելի քան 100.000 մարդ է դիմել, սակայն «Ֆենիքս» մարզադաշտը, որտեղ տեղի է ունեցել այն, ընդամենը 73.000 մարդու ընդունելու հնարավորություն է ունեցել։
Հուղարկավորության արարողության ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է. Միացյալ Նահանգները սգում է Քըրքի սպանությունը։
«Մեր երկրից գողացել են մեր ժամանակների ամենախելացի մարդկանցից մեկին։ Իր սերնդի հսկային։ Եվ ամենակարևորը՝ նվիրված ամուսին, հայր, քրիստոնյա և հայրենասեր։ Չառլի Քըրքը սպանվել է արմատականացված, սառնասիրտ հրեշի կողմից:
Նրա գործունեությունը դարձավ շրջադարձային` ամերիկյան քաղաքականության մեջ: Նա հավաքեց հսկայական բազմություն: Մենք ավելի շատ երիտասարդ ձայներ ստացանք, քան որևէ այլ թեկնածու: Նրա գործոնը մեծ էր»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թարմփը խոստովանել է, որ ատում է իր հակառակորդներին և խոստացել, որ արդարադատության նախարարությունը կգտնի «սադրիչներին», որոնց «վճարում են շատ վատ մարդիկ»։
Թրամփը հավելել է, որ Քըրքը մահից առաջ խնդրել է իրեն փրկել Չիկագոն հանցագործությունից։
«Մենք դա կանենք, մենք կփրկենք Չիկագոն սարսափելի հանցագործություններից»,- խոստացել է Սպիտակ տան ղեկավարը։
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Քըրքի կյանքը խլել են նրանք, ովքեր արհամարհում են ժամանակակից քաղաքակրթության առաքինությունները, այդ թվում՝ երկխոսությունը, ճշմարտության որոնումը, ընտանիքը և հավատքը։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առանց Քըրքի՝ ամերիկացի երիտասարդությունն արժեքների մասին չէր իմանա։
Ակտիվիստի այրին՝ Էրիկա Քըրքը, հրապարակավ ներել է մարդասպանին, քանի որ «այդպես է արել Քրիստոսը», և, ըստ նրա, դա այն է, ինչ կաներ իր ամուսինը: