«Armenian Hero»-ն հարյուր հազարավոր դոլարներ է ուղղել Հայաստան. Ջեմմա Պողոսյան
Հարցազրույց ԱՄՆ Գլենդել քաղաքում ակտիվ համայնքային գործունեություն ծավալող հայազգի Ջեմմա Պողոսյանի հետ։
- Հարգելի Ջեմմա, կխնդրեմ ներկայացնեք՝ վերջին տարիների ընթացքում Գլենդել քաղաքի առնչությամբ ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել, որոնք դրական անդրադարձ են ունեցել։
- Նախ ասեմ, որ իմ գործունեությունը Գլենդել քաղաքում մշտապես ուղղված է եղել համայնքի հզորացմանը և մշակութային կյանքի հարստացմանը։ Որպես քաղաքացիական ակտիվիստ ու Արվեստի և մշակույթի հանձնաժողովի անդամ՝ պատիվ եմ ունեցել մասնակցելու նախաձեռնությունների, որոնք դրական ազդեցություն են ունեցել ինչպես հայկական համայնքի, այնպես էլ քաղաքի ընդհանուր բազմազան մշակութային միջավայրի վրա։
Ես աջակցել եմ մի շարք հայ և օտար թեկնածուների՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ կազմակերպելով քարոզարշավներ, ամրապնդելով նրանց կապերը համայնքի հետ և նպաստելով նրանց ասելիքի տարածմանը։
Իմ պաշտոնավարման ընթացքում՝ որպես Գլենդել քաղաքի առաջին ուսանող Արվեստի և մշակույթի հանձնաժողովի անդամ, առաջնային եմ համարել հայկական մշակութային ծրագրերի իրագործումը։ Աջակցել եմ հայկական համերգների և այլ մշակութային միջոցառումների իրականացմանը՝ նպաստելով մեր քաղաքի մշակույթի զարգացմանը։
Բացի այդ, համագործակցել եմ հայ լեգենդար արվեստագետների, երաժիշտների և համույթների հետ՝ տրամադրելով հարթակ, ռեսուրս և կազմակերպչական դաշտում աջակցություն։ Այդ անձանց մասնակցությունը ոչ միայն ամրապնդել է նրանց հեղինակությունը, այլև ոգեշնչել է երիտասարդ սերնդին՝ արվեստի միջոցով կապ պահպանելու իրենց մշակութային արմատների հետ։
- Տեղյակ եմ, որ որպես կամավորական՝ շատ աշխատանքներ եք իրականացրել։ Խոսենք նաև այդ մասին։ Որո՞նք են եղել դրանք։
- Փոքր տարիքից ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել համայնքային ծառայությանը։ Տարիների ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ կամավորական նախաձեռնությունների՝ թե՛ տեղական և թե՛ ազգային մակարդակներում՝ նպատակ ունենալով աջակցել մեր ժողովրդին և նպաստել դրական փոփոխություններին։
Համոզված եմ, որ նույնիսկ ամենափոքր քայլերը կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ մեր համայնքի ապագայի վրա։ Այդ համոզմունքն է ինձ ներգրավել ծրագրերում, որոնք օգնում են մարդկանց դժվար պահերին։
Տարիներ շարունակ աջակցել եմ հայ և օտար թեկնածուներին, ովքեր առաջադրվել են տեղական, նահանգային և ֆեդերալ մակարդակներում՝ նպաստելով մեր համայնքի զարգացմանը։
2024 թվականին մասնակցել եմ Գլենդելի քաղաքապետարանի ընտրություններին՝ ներգրավվելով հատկապես Արդի Քասախյանի քարոզարշավի աշխատանքներին (Գլենդելի նախկին քաղաքապետ և ներկայիս խորհրդական)։
Ես նաև մասնակցել եմ Գլենդելի ամենամյա Անօթևանների հաշվառման ծրագրերին։
Սկսած 16 տարեկանից՝ ներգրավված եմ եղել HYE Votes նախաձեռնության մեջ՝ օգնելով մեր ազգակիցներին գրանցվել և մասնակցել ընտրություններին՝ դրանով իսկ ուժեղացնելով մեր ձայնը։
Բացի այդ, ավարտել եմ Գլենդելի ոստիկանության Համայնքային Ակադեմիայի ծրագիրը՝ ձեռք բերելով առաջնահերթ գիտելիքներ անվտանգության ոլորտում։
Նախքան ուսումս շարունակելը՝ մասնակցել եմ Glendale Chamber of Commerce leadership ծրագրին, որտեղ զարգացրել եմ առաջնորդական հմտություններ և սովորել տեղական բիզնեսի ու կառավարության վերաբերյալ։
Ես նաև մասնակից եմ եղել որպես ինտերն ՀԱՅ ԴԱՏԻ (ANCA) Արևմտյան Շրջանային գրասենյակի աշխատանքներին։ Մասնակցել եմ Վաշինգտոնում անցկացված Rising Leaders սեմինարին, որն էլ ավելի խորացրեց իմ պատկերացումները հանրային քաղաքականության և պաշտպանական գործունեության վերաբերյալ։
2015–2019 թվականներին կամավորաբար մասնակցել եմ Հայաստան Համահայկական Հիմնադրամի Տելեթոնին՝ պատասխանելով զանգերին և աջակցելով դրամահավաքներին՝ ուղղված Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրերին։ Նույն ժամանակահատվածում մասնակցել եմ ապրիլ 24-յան Հայոց ցեղասպանության հիշատակի երթին (UNIFIED YOUNG ARMENIANS) – UYA կազմակերպություն)՝ նպաստելով մեր պատմության տարածմանն օտարների շրջանում։
2023–2025 թվականներին սովորել եմ Գլենդելի Համայնքային Քոլեջում՝ ստանալով երեք Ասոցիացված միջին քաղաքագիտության կրթական աստիճան։
- Դուք նաև ամերիկացի որոշ պաշտոնյաների հետ ջերմ հարաբերություններ եք ձևավորել։ Ի՞նչ հնարավորություններ է դա ընձեռում։
- Այո, ես բախտ եմ ունեցել կառուցել ջերմ հարաբերություններ մի շարք ամերիկացի ընտրված պաշտոնյաների հետ։ Սակայն ինձ համար սա միայն ստացված հնարավորությունների մասին չէ։ Սա այն հնարավորությունների մասին է, որոնք մենք ստեղծում ենք մեր շրջապատի համար։
Ամերիկան իմ ընտանիքին տվել է շատ բան՝ անվտանգություն, կրթություն, հնարավորություններ։ Իսկ որպես հայ՝ մեր պարտքն է մեր աշխատանքով փոխադարձաբար դրական քայլեր կյանքի կոչել ոչ միայն մեր համայնքի, այլև ավելի լայն հասարակության համար, որը մեզ ընդունել է։ Ընտրված պաշտոնյաները ճանաչում և գնահատում են մեր քայլերը և այդ ոգին։ Նրանք տեսնում են այն արժեքները, որ մենք բերում ենք՝ աշխատասիրություն, ընտանիքի հանդեպ նվիրվածություն և հանրությանը ծառայելու խորը պատասխանատվություն և պատրաստակամություն։ Երբ առաջնորդվում ենք այդ արժեքներով, մենք վաստակում ենք վստահություն և բացում դռներ ոչ միայն մեր, այլև ապագա սերունդների համար։
- Խոսենք նաև «Armenian Hero» կազմակերպության մասին։ Ո՞րն եք համարում նախաձեռնության գլխավոր նպատակը և որո՞նք են ամենակարևոր աշխատանքները, որ իրականացվել են։
- «Armenian Hero» կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականին Գլենդելում՝ պարզ, բայց հզոր առաքելությամբ՝ կանգնել հայ զինվորների և նրանց ընտանիքների կողքին։ Սկզբնական շրջանում մեր աշխատանքը հիմնված էր համայնքի համախմբման և կարեկցանքի վրա։ Նույնիսկ մանկապարտեզների երեխաներն էին ներգրավված՝ նվերներ և խաղալիքներ հավաքելով, որոնք ուղարկվում էին Հայաստան՝ զինվորների երեխաներին ուրախություն պարգևելու համար։
Մենք աջակցել ենք Հայաստանում գտնվող հերոսների ընտանիքներին՝ կատարելով շինարարական աշխատանքներ նրանց բնակարաններում և այլ սոցիալական ծրագրեր։ Իրավիճակը կտրուկ փոխվեց 2020 թվականին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ժամանակ։ Այդ շրջանում «Armenian Hero»-ն դարձավ առավել ակտիվ։ Կազմակերպությունը հարյուր հազարավոր դոլարներ է ուղղել Հայաստան՝ որպես նվիրատվություն։ Բացի այդ, հայրենիք էինք ուղարկում զանազան անհրաժեշտ իրեր։ Մենք հետևում էինք, որպեսզի այդ օգնությունը հասնի հենց այն ընտանիքներին և զինվորներին, ովքեր դրա կարիքն ունեին։
Այդ ժամանակահատվածը դարձավ շրջադարձային կետ մեր կազմակերպության համար։ Այսօր, նայելով ապագային, մենք ցանկանում ենք ընդլայնել մեր առաքելությունը։ Վստահ ենք, որ մեր հերոսները միայն Հայաստանում չեն, այլ ամենուր։ Այդ պատճառով պատրաստվում ենք վերանվանել կազմակերպությունը «Hero Legacy»՝ արտացոլելու համար հերոսներին մեծարելու և աջակցելու ավելի լայն առաքելությունը՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանք։
Մեր գլխավոր նպատակը միշտ եղել է զինվորներին և նրանց ընտանիքներին աջակցելը՝ արժանապատվորեն և հոգատարությամբ։ Սկսած փոքր համայնքային նախաձեռնություններից մինչև լայնածավալ դրամահավաքներ՝ մեր բոլոր քայլերը կապված են այդ առաքելության հետ։ Եվ այժմ մենք պատրաստ ենք այդ առաքելությունը շարունակել ավելի լայն մասշտաբով։
Մերի Մարտիրոսյան