ՔՊ վարչության ընտրություններ. Լեգիտիմությա՞ն, թե ներսից փլուզման ճգնաժամ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովը, որը պետք է ամրագրեր կուսակցության ներսում կայունությունն ու ուժերի հարաբերակցությունը, կարծես թե հակառակ պատկերն է ստեղծել՝ անորոշություն, դժգոհություն ու կասկածելի գործընթացներ։

Չնայած այն հանգամանքին, որ նախապես հայտարարվել էր՝ քվեարկության արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15։00-ին, այդպես էլ արդյունքները չէին ներկայացվել մինչև ուշ գիշեր։ Մամուլում արդեն իսկ հայտնվել էին հաղորդագրություններ՝ ընտրությունների հնարավոր անօրինականությունների մասին։

 

ՔՊ վարչության անդամ դառնալու համար առաջադրվել էին մոտ 40 անձինք՝ հիմնականում ՀՀ կառավարության և ԱԺ ներկայիս ղեկավար կազմից։ Նրանց թվում էին Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Սասուն Միքայելյանը, Գևորգ Պապոյանը, Հայկ Կոնջորյանը  և այլք։

 

Սակայն ամենաարդյունքաբեր հարցերից մեկը դարձավ այն, որ կուսակցության ամենահին և ազդեցիկ գործիչներից Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահը և 2018 թ. հեղափոխության առանցքային դեմքերից մեկը, չի հաղթահարել անցողիկ շեմը։ Սա որոշ վերլուծաբանների և կուսակցական շրջանակների մոտ հարցեր է առաջացրել՝ արդյո՞ք տեղի է ունեցել վերահսկվող քվեարկություն, որտեղ որոշ անուններ պարզապես մերժվել են «վերևից»։

 

Նմանատիպ լարումներ արդեն գրանցվել էին նաև 2022-ի ՔՊ համաժողովի ժամանակ, երբ նույնպես շրջանառվում էին լուրեր արդյունքների «համընկումների» և որոշ անդամների դուրս մղման վերաբերյալ։ Այս տարվա համաժողովը կարծես թե ոչ միայն չի ուղղել նախկին սխալները, այլ՝ խորացրել է ներհակասությունները։

 

Սասուն Միքայելյանը ՔՊ-ի հիմքում կանգնած այն եզակի դեմքերից է, որն ունի նաև երկարամյա պետական, ռազմակամավորական և գաղափարական պատմություն։ Նրա՝ վարչության կազմից դուրս մնալը միայն անձնական հարց չէ․ դա հղի է քաղաքական արժեքների վերադասավորման վտանգով։

 

Նրա նկատմամբ հասարակության վստահությունը բարձր է հատկապես այն շրջանակներում, որոնք ՔՊ-ին երբևէ դիտել են որպես արժեքային հեղափոխություն իրականացրած ուժ։ Նրա դուրս մղումը հուշում է, որ կուսակցության ներկայիս վերնախավը սկսում է աստիճանաբար զտվել բոլոր այն դեմքերից, որոնք դուրս են իր ներկայիս կառավարման ռեժիմից կամ ունեն քաղաքական ինքնուրույնություն։

 

Այս ընտրություններում առավել ընդգծվեց՝ ՔՊ-ն վերածվում է փակ կառույցի, որտեղ մրցակցությունը փոխարինվում է վերահսկվող ընտրովիությամբ։ Քաղաքական առողջ միջավայրում նույնիսկ ամենամրցակցային ընտրություններում «հին» դեմքերը չեն մերժվում համակարգային ձևով։

 

Հանրության վստահությունը իշխանության նկատմամբ չի ամրապնդվում լռությամբ, այլ՝ բաց և թափանցիկ գործընթացներով։

 

Meganews.am-ը շարունակելու է հետևել ՔՊ վարչության նոր կազմի հրապարակման գործընթացին և հնարավոր հակասություններին։

Մարգարիտա Դավթյան 

Այս թեմայով
am