Oգոստոսի 8-ը երկար գործընթացի գագաթնակետն է. 1 տարի 7 ամիս սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել. վարչապետ

Oգոստոսի 8-ը մի երկար գործընթացի գագաթնակետն է. արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» 7-րդ գագաթնաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը;

«Անկախությունից ի վեր մենք որևէ նման մեկ տարի յոթ ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի։ Սա խաղաղություն է, կամ սա է խաղաղությունը։ Մեր քաղաքական խնդիրը շատ պարզ է․ այնպես անել, որ այս մեկ տարի 7 ամիսը դառնա երկու տարի յոթ ամիս, երեք տարի յոթ ամիս, չորս տարի յոթ ամիս, և այսպես շարունակ, ու վերաբերի Հայաստանի Հանրապետության բոլոր սահմաններին»»,- ասաց վարչապետը։

Վարչապետը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախորդ՝ 6-րդ համաժողովին հաջորդած ժամանակաշրջանում էր, երբ հայտարարում էին, որ՝ «եթե մեզ հաջողվի երկու-երեք տարի ապահովել մեր պետության լինելիությունը, առաջիկա հարյուրամյակներում նույնպես մեր պետության լինելիությունը կապահովենք»։

«Այդ հայտարարությունից երեք տարի անց ահա՝ ձեր առաջ կանգնած եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ Հայաստանի Հանրապետությունում կառավարող կուսակցության համաժողովում, մի իրավիճակում, երբ սահմանային հրաձգությունից մեկ տարի յոթ ամիս զինվոր չի զոհվել կամ վիրավորվել։ Ադրբեջանի հետ խաղաղության հռչակագիրը ստորագրված է, խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը՝ նախաստորագրված։ Մենք այսօր ընդունելու ենք որոշումներ, որոնք կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության առաջիկա հարյուրամյակների կյանքի հիմնական և առանցքային հատկանիշները»,- ասաց նա։

Այս թեմայով
am