«Արշալույսները խաղաղ են»․ Փաշինյանը՝ հնարավոր պաշտոնանկությունների և ՔՊ-ի ներքին մթնոլորտի մասին
Կառավարությունում փոխվարչապետերի մակարդակով պաշտոնանկություններ այս փուլում չեն նախատեսվում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ ՔՊ-ում «արշալույսները միշտ խաղաղ են»։
«Եթե դուք ներկա լինեիք մեր կուսակցության քննարկումներին, կտեսնեիք, որ դրանք հաճախ ընթանում են բուռն, երբեմն նաև սուր բանավեճերի մթնոլորտում։ Ցավոք, երբեմն լինում են դեպքեր, երբ բանավեճերի ընթացքում որոշ մարդիկ անցնում են թույլատրելիի սահմանը։ Նման մի դեպք վերջերս պատահել է նաև իմ մասնակցությամբ, ինչի հետևանքով ստիպված ենք լինում սկսել կարգապահական գործընթացներ», – ասաց նա՝ ակնարկելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ կուսակցությունում երեկ հրավիրվել է վարչության արտահերթ նիստ։
«ՔՊ-ն ապրում է իր բնականոն ներքուսակցական կյանքով։ Դա այն եզակի քաղաքական ուժերից է, որտեղ մշտապես առկա են բանավեճ, մրցակցային մթնոլորտ։ Մեր խնդիրն է՝ այդ մթնոլորտը պահել առողջ ու կառուցողական», – ընդգծեց Փաշինյանը։