Աննա Գրիգորյանը հերքում է Սամվել Կարապետյանի թիմին միանալու մասին խոսակցությունները
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը «Գործարար ալիք»-ի եթերում մեկնաբանել է վերջին շրջանում շրջանառվող լուրերը՝ իբր թե միանալու է գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին։
«Դրանք ընդամենը բամբասանքներ են, որոնք որևէ փաստական հիմք չունեն։ Պաշտոնապես հերքում եմ նման որևէ գործընթացի մասին տեղեկությունները։ Այսօր արդեն սովորություն է դարձել հորինված պատմություններ տարածելը։ Թող տարածեն, ինձ համար հասկանալի է՝ որտեղից կարող էր ծնունդ առնել այս խոսակցությունը», – նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ նման ենթադրությունները ծագել են այն բանից հետո, երբ նա մասնակցել է Սամվել Կարապետյանին ի աջակցություն կազմակերպված հավաքին։ «Որպես ընդդիմադիր գործիչ՝ ես ունեմ դիրքորոշում և այն արտահայտում եմ տարբեր հարթակներում։ Կարապետյանի թեմայով խոսել եմ, բայց նույն կերպ էլ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել Բագրատ Սրբազանի, Աջապահյանի և այլոց պաշտպանությամբ», – հավելել է պատգամավորը։
Աննա Գրիգորյանը նաև շեշտել է, որ իրենց թիմը շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ առաջիկա ընտրություններին։ «Ես այս ճանապարհով եմ գնալու՝ մեր թիմի հետ միասին», – եզրափակել է նա։