«Այս խորհրդանշական կառույցը մեզ հիշեցնելու է, որ միասնականության մեջ է մեր ուժը». տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և կայքի շնորհանդեսի արարողությունը (Տեսանյութ)
Երեկ տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և կայքի շնորհանդեսի արարողությունը։
Նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանի համար կարևոր է եղել, քանի որ մենք աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգն ենք, պետք է Հայաստանն ունենա Հիսուսի լավագույն արձանը։
«Մոտ 337 քանդակագործ է դիմել, հանդիպել ենք, քննարկել ենք, դրել մրցույթի, ասել եմ` մերը պետք է լինի ամենալավը ու ընտրվել է տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանի աշխատանքը, նա կարողացավ հոգի դնել»,- նշեց Գագիկ Ծառուկյանը։
Արձանի տեղադրման համար ընտրվել է Հատիս լեռը, քանի որ, նրա խոսքով, այնտեղ հոգի ու շունչ կա։
Գագիկ Ծառուկյանն ամեն օր բարձրանում է Հատիս լեռ, բանվորի հետ բանվորություն անում, ճարտարապետի հետ՝ ճարտարապետություն, դիզայների հետ՝ դիզայներություն։
Սեպտեմբերի 26-ից բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հետևել աշխատանքներին, կարող են գնալ ու հետևել։
Արձանի նախագծերի ընտրմամբ զբաղվող հանձնախմբի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանն էլ ասաց, որ Հիսուսի արձանը կոչված է դառնալու հայ ժողովրդի միաբանության խորհրդանիշ։
«Այն իր ձեռքերը բացելու է ողջ աշխարհի առաջ՝ որպես խաղաղության, ներողամտության ու համախմբան կոչ։ Այս խորհրդանշական կառույցը մեզ հիշեցնելու է, որ միասնականության մեջ է մեր ուժը և որ մենք կարող ենք վեր բարձրանալ ամեն դժվարությունից, եթե պահենք մեր հավատքն ու սերը միմյանց հանդեպ»,- նշեց Հովհաննիսյանը։
Հիսուս Քիստոսի մոնումենտալ արձանի կառուցման ընթացքին վերաբերող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ՝ այցելելով www.jesuschristarmenia.com կայք, ինչպես նաև համանուն Facebook-յան ու Instagram-յան էջեր։