5 ոստիկանի ծառայությունից կազատեն, 3-ին խիստ նկատողություն կհայտարարեն
ՆԳՆ-ից հայտնում են․
«Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը և ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո, որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը»: