Մեղրաձոր համայնքում բացվեց կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում պաշտոնապես բացվեց կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն 13-րդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն իրականացրել է «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհով:
Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ հենակետի կառուցումը տվյալ համայնքում շատ կարևոր էր, քանի որ տարածաշրջանը անտառային գոտի է:
«Հայաստանի կառավարության որոշմամբ 12 համայնքներում արդեն ստեղծվել են նման հրշեջ-փրկարարական կամավորական ջոկատներ։ Եվ, բնականաբար, սա շարունակական բնույթ է կրելու։ Նշեմ, որ փրկարարների ջոկատը բաղկացած է տեղի բնակիչ կամավորներից, ոչ պրոֆեսիոնալ հրշեջ փրկարարներից: Նրանք աշխատավարձ չեն ստանում, կամավորական սկզբունքով փրկարար ծառայության կողմից վերապատրաստվում են, որակավորում են ստանում և իրենք իրենց համայնքում կամավորական սկզբունքով մատուցում են անհրաժեշտ ծառայությունը: Ըստ անհրաժեշտության՝ նրանք արձագանքում են հրդեհների և տարբեր աղետների ժամանակ»,- նշեց Ցուցուլյանը:
Նախարարի տեղակալ խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ այս մոդելը բավականին արդյունավետ է, այսինքն՝ մինչ մոտակա տարածքի հրշեջ-փրկարարների հասնելը, կամավորների ջոկատը տեղում կարող է շատ արագ արձագանքել:
Նա նշեց՝ Մեղրաձոր համայնքի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետում ընդգրկված է 12 կամավոր:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական ընդգծեց, որ այն կծառայի որպես վահան տվյալ տարածաշրջանի մարդկանց համար, քանի որ այստեղ մշտապես անտառային հրդեհների ռիսկ կա։
«Այդպիսի իրավիճակների դեպքում կենտրոնի արձագանքը ավելի արագ կլինի, որպեսզի մարդկային կյանքերն ավելի լավ պաշտպանվեն։ Այս համատեղ ջանքերի միջոցով մենք տեսանք գործընկերության ուժը Ճապոնիայի դեսպանատան, Ներքին գործերի նախարարության, Ծաղկաձորի համայնքապետարանի և Մեղրաձորի նվիրյալ կամավոր հրշեջների միջև։ Միասին մենք տեսլականը վերածեցինք իրականության»,- նշեց դեսպանը:
Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրի խորհրդատու Արգիշտի Զուրաբյանը նշեց՝ այս ծրագիրը ֆինանսավորվել է 1 տարի առաջ Ճապոնիայի կառավարության կողմից. մոտ 77 հազար դոլարին համարժեք դրամ տրամադրվել է «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպությանը՝ հրշեջ կայանը ստեղծելու նպատակով։
«Մեծ աշխատանք է իրականացվել վերջին 12 ամսվա ընթացքում: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից էլ կայանին տրամադրվել է հրշեջ-մեքենա: Ծրագրի շրջանակներում 12 կամավոր վերապատրաստվել է, ստացել հատուկ գիտելիքներ, ձեռք բերել անհրաժեշտ հմտությունները։
Մեղրաձորում արտակարգ իրավիճակների դեպքում օգնության են հասնում Հրազդան քաղաքի փրկարարները, ինչը խնդրահարույց է ժամանակի առումով։ Հիմա արձագանքը կլինի ավելի պատշաճ և ժամանակին։ Ասեմ, որ ծրագիրը ունի միջմշակութային կոմպոնենտ, այսինքն՝ վերցվել է ճապոնական փորձը և գործածվել Հայաստանում: Ճապոնիայում գրեթե բոլոր համայնքներում գոյություն ունեն նման կամավորական հրշեջ բազաներ։ Այսինքն՝ մարդիկ ունեն իրենց առօրյան, իրենց հիմնական աշխատանքը, բայց նաև սերտիֆիկացված են կամավոր ծառայություն մատուցելու, երբ լինի դրա պահանջը»,- ասաց Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրի խորհրդատուն:
Նա հավելեց, որ Ճապոնիայի կառավարությունը 1998 թվականից ի վեր 120 ծրագիր է ֆինանսավորել Հայաստանում, որոնցից ավելի քան 20-ը փրկարարական ոլորտի ծրագրեր են։
«Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ, մասնակցելով Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան Մարդկային անվտանգության ծրագրերի դրամաշնորհային մրցույթին, անգամ չէին պատկերացնում, թե այն շահելուց հետո ինչ նոր և անսովոր ճանապարհ են անցնելու:
«Սակայն յուրաքանչյուր դժվարություն հաղթահարելի է, երբ գաղափարի շուրջ համախմբվում են այդ գործին հավատացող մարդիկ։
Թվում է՝ լրագրողական կառույցն առնչություն չպետք է ունենա այս ոլորտի հետ, սակայն մենք համոզված ենք, որ մարդկային անվտանգությունը, աղետների ռիսկի նվազեցումը մասնագիտություն, կարգավիճակ չեն ճանաչում. դրանք յուրաքանչյուրիս են վերաբերում, և այս ծրագիրը ցույց տվեց, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է նպաստել մարդկային անվտանգությանը։
Ծաղկաձոր խոշորացված համայնքն անտառաշատ է, և հրդեհների վտանգն իրական է։ Ուստի այս հենակետի ստեղծումը քայլ է դեպի համայնքում մարդկանց անվտանգության բարձրացում։ Հրշեջ կամավորներն առաջին գծում են, և նրանց՝ արագ արձագանքելու կարողությունը կարող է փրկել կյանքեր և պահպանել բնությունը»,- նշեց Աննա Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ այս հենակետի ստեղծման գաղափարը միավորել է բնակիչներին, տեղական ինքնակառավարման, պետական մարմիններին և միջազգային կառույցներին:
Նման հենակետեր ստեղծելու նախագիծը ներդրվել է 2020 թվականից Գառնի համայնքում և լինելու է շարունակական: