Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Տաթև համայնքն էր։ «Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ հանդիպումն անցել է ավանդական ձևաչափով և առանձնացել իր բովանդակային հագեցվածությամբ և մասնակիցների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրվածությամբ։

«Բանախոսություններով հանդես եկան շարժման ղեկավար, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանախոսությունների` արդեն բոլորին հայտնի վերնագրերն են` «Մնացել ենք 5-րդ դարում», «Իմանալ՝ ինչպես» և «Իրական Հայաստան»։

Երաժշտական դադարն այս անգամ ներառում էր երեք ելույթ՝ «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթի, «Շինուհայր» երգի-պարի համույթի և «Թև Թևի» ներառական զարգացման կենտրոնի սանի կողմից։

Հանդիպման ամենաաշխույժ հարցուպատասխանի հատվածում Տաթևի բնակիչները բարձրացրին հարցեր, որոնք վերաբերում էին իրենց համայնքում առկա խնդիրներին, ժողովրդավարության և դրա պաշտպանության մեխանիզմներին, երիտասարդների շրջանում մշակութային կյանքի խթանմանը, ինչպես նաև շարժումը երիտասարդ սերնդին՝ հատկապես դեռահասներին և պատանիներին հասցնելու հնարավորություններին։

«Կրթվելը նորաձև է»՝ ամենուր։ Շարժման 34-րդ հանդիպումը Տաթևում ևս մեկ անգամ ցույց տվեց՝ կրթության շուրջ ձևավորվող հանրային խոսքը դրական ազդեցություն է ունենում մտածելակերպի և արժեհամակարգի փոփոխության գործում:

Դուք նույնպես կարող եք միանալ այս համընդհանուր առաջընթացին՝ գրանցվելով հետևյալ հղումով` https://forms.gle/JFXga4bc21YDPNiw8:

Առաջիկա հանդիպումների օրերը՝
– Մայիսի 31 Վանաձոր
– Հունիսի 7 Սիսիան
– Հունիսի 8 Գորիս
– Հունիսի 15 Արտաշատ
– Հունիսի 21 Մարալիկ
– Հունիսի 28 Երևան
– Հուլիսի 6 Աշտարակ
– Հուլիսի 13 Մարտունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

