Հունան Պողոսյանին ու նրա ընտանիքի անդամներին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, գրում է «Հետք»-ը:

Հունան Պողոսյանը, կինը՝ Նունե Պողոսյանը և որդին՝ Հովհաննես Պողոսյանը, հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, որ ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում:

Նշենք, որ այս փուլում Դատախազությունը չի տրամադրում տեղեկություններ, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձանց գործի նյութերին ծանոթանալուց, դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելուց հետո, հնարավոր է, փոփոխվի ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկը:

Հունան Պողոսյանը 2010թ-ին է նշանակվել Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնում և 8 տարի պաշտոնավարելուց հետո՝ 2018թ. իշխանափոխությունից հետո, հրաժարականի դիմում ներկայացրեց: Մինչ այդ էլ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել իրավապահ համակարգում:

Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018թ. հոկտեմբերի 16-ին: Այդ օրը Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հունան Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես ընդունված է ասել՝ նախորդ կառավարության կամ նախկին իշխանության տարիներին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Այս թեմայով
am