Հերթական ձանձրալի թատրոնը՝ ընդդիմադիր պատգամավորների ներկայացմամբ

Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 15-ին, կառավարության գործունեության 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ, երբ նիստը վարող Ալեն Սիմոնյանը ամբիոնի մոտ հրավիրեց  Նիկոլ Փաշինյանին, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների որոշ պատգամավորներ լքեցին նիստերի դահլիճը: Դա չխանգարեց, որ  Փաշինյանը ավելի քան երեսուն րոպե, կարելի է ասել, նախընտրական ելույթ է ունենա՝ խոսելով  «հեղափոխությանը» հաջորդած տարիների «ձեռքբերումների» մասին։ Այսօր քննարկվում է կառավարության ծրագրի անցած տարվա կատարողականը: Տեսախցիկները ֆիքսել են, որ Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթը թալանը հետ բերելու, լավ կյանք ապահովելու եւ այլնի մասին հետաքրքիր չէ անգամ սեփական թիմակիցների համար:  Փաշինյանի ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը հեռախոսների մեջ է, ոմանք դանթել են, ոմանք էլ ակնհայտորեն սոսկ ֆիզիկական ներկայություն են ապահովում՝ անհաղորդ դեմքերով։

Իսկ ընդդիմադիր պատգամավորների այս պահվածքն այլեւս ձանձալի, անպտուղ ու անհետեւանք քայլ է. եթե այդպիսի հանդիսավորությամբ պետք է դուրս գայիք, ապա ինչու՞ եք գնացել ԱԺ: Առհասարակ, ձեր ներկայությունը ԱԺ-ում դարձել է անիմաստ եւ անօգուտ: Եթե դուք վայր չեն դնում մանդատները՝  ԱԺ-ն դարձնելով ոչ լեգիտիմ, եթե Փաշինյանին անվստահություն չեք հայտնում, ապա ինքնակամ դառնում եք նրա բոլոր քայլերն ու գործողությունները լեգիտիմացնող մանդատակիրներ՝ որքան էլ ԱԺ դահլիճում բոցաշունչ ելույթներ ունենաք, լեզվակռվի մեջ մտնեք ՔՊ-ականների հետ, շիշ նետեք իրար վրա եւ այլ նման բաներ անեք: Մինչ դուք ներկայացում եք բեմադրում, Փաշինյանը Հայաստանի տարածքով միջանցք է տալիս Ադրբեջանին: Դուք այլեւս դարձել եք անհուսալի «ընդդիմություն», եթե ոչ՝ անվստահելի…

 

Այս թեմայով
am