Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը կզրկվեն անձեռնմխելիությունից. ՔՊ-ն տվեց համաձայնությունը

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը կզրկվեն անձեռնմխելիությունից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդություններին։

Վարդապետյանը, հիշեցնենք, Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավորներ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ 

Տարոն Մարգարյանի գործը վերաբերում է Երևանի դպրոցներին և մանկապարտեզներին պատկանող հողերի ապօրինի օտարմանը, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն առնչվող հոդվածներին այն ժամանակահատվածում, երբ նա եղել է Երևանի քաղաքապետը։ 

Հովիկ Աղազարյանը կասկածվում է այն բանի համար, որ խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումն առանց կարանտինի։ Մեկ այլ քրեական գործի շրջանակում Աղազարյանը կասկածվում է 23 հազար դոլար կաշառք ստանալու մեջ՝ Երևանի Աջափնյակ համայնքում վթարային դպրոցի շենքի կառուցապատման գործընթացում միջնորդելու խոստման դիմաց։ 

Պատգամավորներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Այս թեմայով
am