Մեր կողմից փոխզիջման առաջարկի հերն անիծեցիք. Արարատ Միրզոյանն՝ ընդդիմադիր պատգամավորին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստան-Ադրբեջան բանակցություններից առանձին կտորներ չի ուզում հանրայնացնել․ նրա խոսքով` կան հարցեր, որոնք կողմերից որևէ մեկը եթե բարձրացնում է, ապա պարտադիր չէ, որ հակառակ կողմը դրական արձագանքի։

«Հայկական կողմն էլ ունի հարցեր, որոնք բարձրացնում է, Ադրբեջանն էլ ունի։ Մեր հարցերի մի մասի հետ իրենք համաձայն չեն, իրենց հարցերի մի մասի հետ մենք համաձայն չենք։ Դա կոչվում է  բանակցություն»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ ինչի շուրջ հնարավոր է լինում համաձայնության գալ, դա ստանում է կոնկրետ դրսևորում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նկատեց, որ միջազգային ատյաններից հայցերի հետ քաշումը հայ ժողովրդի համար էական նշանակություն ունի։

«Հիմնավոր փաստեր կան, որոնցով իսկապես կարող ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ու ադրբեջանական ռազմաքաղաքական էլիտային։ Ես ձեր խոսքի ենթատեքստից հասկացա, որ իրենք  այդ պահանջը դնում են, ու դուք ասում եք՝  պարտադիր չէ, որ համաձայնած լինենք դրան։ Մեր խնդիրն է հասկանալ՝ սկզբունքային անհամաձայնություն ունե՞ք այդ կետի շուրջ, թե՞ չունեք։

Մեզ համար սկզբունքային է հասկանալ, թե որոնք ենք այն կետերը, որոնց շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվում։ Երբ ասում եք՝ դե կբանակցենք, այդ երկու ձևակերպումներն էլ կհարթենք, կստորագրենք,  նշանակում է՝ հերթական զիջմա՞նն եք գնալու։ Մեզ համար խնդիրը դա է՝ հասկանալ,  թե  մեզ նորից ի՞նչ զիջում է սպասվում։ Եթե ակնկալում եք զիջում Ադրբեջանից, բացատրեք, թե ինչ զիջում եք ակնկալում Ադրբեջանից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

Միրզոյանն էլ նշեց, որ այս հարցի շուրջ ընկալումն ու մեկնաբանությունը կարող է լինել տեսականորեն ճիշտ կամ սխալ։

«Ասում է՝ էլ ի՞նչ ենք զիջում։ Դուք մի օր ասում եք՝ զիջեցին էս, հետո եղավ-չեղավ՝ կարևոր չէ․ հիմա էլ եկել ու ասում եք՝ էլ ի՞նչն եք զիջում։ Որ շատ խնդրեմ՝ կարո՞ղ եք ասել, թե ի՞նչն ենք զիջել։ Մեր կողմից փոխզիջման մի առաջարկ կար, երբ դեռ Ղարաբաղում հայություն կար, իրենց ընտրված մարմիններ ունեին, ձեր ներկայացրած քաղաքական ուժի եռանդուն  ջանքերով այդ առաջարկի հերն անիծեցիք, և այսօր ունենք այն, ինչ ունենք։

Երբ որ փոխզիջման մասին խոսք կար, մենք փոխզիջման  կողմնակից էինք, դուք արեցիք ամեն ինչ, որ այդ փոխիզջումը չլինի․ մեր կողմից փոխզիջման առաջարկի հերն անիծեցիք»,- ասաց Միրզոյանը։

Այս թեմայով
am