Եթե մեզ թվում է, որ այսօր չունենք կորսվող ոչ նյութական արժեքներ՝ չարաչար սխալվում ենք․ տատիկ-պապիկների մահվան հետ արժեքներն անէանում են․ Փաշինյան
«Մեր խնդիրը նյութական արժեքները հնարավորինս հասանելի դարձնելն է»: Այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ է մեր իրականության ու մշակույթի մեջ Կոմիտաս վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում։ Մի պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասը, ըստ էության, անէանալուց փրկել է՝ գյուղեգյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով և այսպես շարունակ: Այն ժամանակ պետություն չենք ունեցել, բայց հիմա մենք պետություն ունենք, որը պարտավոր է այս մշակութային քաղաքականության ուղղությունն իրականացնել: Եվ եթե մեզ թվում է, որ այսօր չունենք այդպիսի կորսվող ոչ նյութական արժեքներ՝ չարաչար սխալվում ենք: Մեր տատիկ-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքներ են անէանում, եթե դրանք բավարար չափով փաստագրված չեն»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նկատեց՝ ոչ նյութական կարևոր արժեք է մեր խոհանոցը, և երբ մենք տարբեր գյուղեր ենք այցելում, այնտեղ տեսնում ենք ուտեստներ, որոնք անծանոթ են:
«Հետո հնարավոր է ինչ-որ այլ առիթով մտնել 3 կիլոմետր այն կողմ գործող ռեստորան, ասել՝ էս ճաշատեսակից ունե՞ք, ու իրենք ասեն՝ դա ի՞նչ է, ու նման մի քանի դեպքերից հետո ես խնդիր դրեցի, որ մենք մրցութային ծրագիր իրականացնենք, մեր մասնագետները անցնեն բնակավայրերով՝ հավաքագրեն, որովհետև ամեն բնակավայրում կա՛մ յուրահատուկ բաղադրատոմս, կա՛մ յուրահատուկ ուտեստ կա: Բայց նպատակը դրա արխիվացնելը չի, այլ առաջարկելը, որ տարբեր սննդի օբյեկտներ դրանք իրենց ճաշացանկերում ներառեն»,- ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ հաջորդը շատ մեծ մշակութային շերտը, որ կորսվում են վերջին տասնամյակներում, խաղերն են։
«Այն խաղերը, որոնք ժամանակին երեխաները խաղում էին բակերում և փողոցներում, բայց մեզ հայտնի պատճառներով դրանք կամաց-կամաց անէանում են, հետո տասնամյակներ անց ՀՀ գիտահետազոտական կենտրոնները միլիոններ են ծախսելու, որ պատառ-պատառ վերականգնեն: Դա չափազանց կարևոր ինֆորմացիա է, որովհետև հանրային մտածողության և ընկալումների մի զգալի մասը ձևավորվում է այդ տրամաբանության մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ արժեքները պետք է փաստագրվեն։