Կարեն Անդրեասյանին հաջողվեց ԲԴխ բոլոր անդամներին դարձնել խամաճիկ․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Բարձրագույն դատական խորհուրդը մի կարճատեւ դադարից հետո վերսկսել է իշխանության համար անցանկալի դատավորների լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Երեկ ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները` բավարարելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ 2024 թ. մարտի 1-ին Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։ Հիմքը Դատական դեպարտամենտի հրապարակած տեսանյութն էր, որտեղ խոսվում է նաեւ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերի մասին։ Ըստ այդ տեսանյութի` Դանիբեկյանի կողմից դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել, դատարանը չի իրականացրել դատական սանկցիա կիրառելու իր իրավունքը եւ այլ լոլոներ։ Հուլիսի 9-ին դադարեցվեցին դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները: Իսկ ավելի վաղ մի շարք դատավորների լիազորություններ էին դադարեցվել: Այդ թվում` երկարամյա դատավոր Ալեքսեյ Սուքոյանինը, ում մի քանի հարց ենք ուղղել այս թեմայով:
- Տպավորություն է, որ այս իշխանություններին փորձառու դատավորներ պետք չեն, 25-30 տարեկան, գուցե գրագետ, բայց անփորձ նորաթուխ դատավորներ են հարկավոր, որ խելոք կատարեն իշխանական պատվերները: ԲԴԽ-ն անգամ չի թաքցնում, որ տարբեր ստանդարտներ է կիրառում տարբեր անձանց եւ գործերի նկատմամբ` լիազորությունները դադարեցնելու հաղորդագրության մեջ նշել են. «Դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարեւոր գործերից մեկով, եւ պետք է արդյունավետ կազմակերպեր եւ ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»: Խոսքը Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին դատելու մասին է: Ի՞նչ գնահատական կտաք:
- Տենդենցը հասկանալի է, մի քանի օր առաջ էլ Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցրին: Արթուրի հետ աշխատել եմ` հմուտ, փորձառու, լավ մասնագետ է, իսկ թե ինչու են դադարեցրել լիազորությունները, անկեղծ ասած, անգամ որոշումը չեմ կարդացել, ամեն դեպքում ցավալի է, որ նման մասնագետները դուրս են գալիս դատաիրավական համակարգից: Թեպետ Աննա Դանիբեկյանին չեմ ճանաչում, սակայն կարող եմ ասել, որ այս տենդենցը խիստ ցավալի է համակարգի համար:
- Փաստորեն, դատավորի լիազորությունները կարող են դադարեցնել, քանի որ դատավորը դատական նիստերը չի արել այն պարբերականությամբ, ինչպես իշխանավորները կցանկանային:
- Նիստերի ձգձգվելու մասին` ամեն դատավոր ինքն է դատական նիստերի ընթացքի ողջամտությունը գնահատում: Դանիբեկյանը հեռացվել է փաստացի ինչ-որ տեսաֆիլմի հիման վրա: Մենք այդ հարցը շատ ենք բարձրացրել, թե արդարադատության նախարարը երբ իրավունք ունի նման որոշումներ կայացնելու եւ երբ` ոչ: Երբ է այն ողջամիտ, երբ` ոչ, ով է պրոցեսի շահառուն եւ այլն: Ես տենդենց եմ նկատում, որ քիչ թե շատ հմուտ, փորձառու դատավորներին ԲԴԽ-ն հեռացնում է համակարգից: Սա անհասկանալի, անառողջ մթնոլորտ է ձեւավորում: Հեռացված դատավորները՝ բոլորն անկախ, ինքնուրույն դատավորներ են, սա արդեն իսկ որոշակի հարցերի պատասխաններ է տալիս: Նրանց լիազորությունները դադարեցնելը համարում եմ ոչ ողջամիտ:
- Ըստ Ձեզ` ո՞րն է դրա պատճառը: Ինչո՞ւ են նման դատավորներին հեռացնում: Ի՞նչը նրանք իշխանության սրտով չեն անում:
- Եթե դատավորներին համակարգից հեռացնելը եղել է միաձայն, չեն եղել դեմ քվեարկողներ, դա ավելի վատ է: ԲԴԽ-ն դարձել է մի մարմին, որը միանձնյա նման որոշումներ է կայացնում, ինչն անառողջ է, չի կարող այդպես լինել: Աննա Փիլոսյան, Դավիթ Հարությունյան․ նրանք էլ, չգիտես ինչու, հեռացվեցին: Եթե միաձայն բոլորը դեմ են քվեարկում, նշանակում է կա համաձայնություն, այսինքն` ԲԴԽ-ն ոչ թե որպես դատարան է գործում, այլ ուղղակի մի հանձնաժողով է դարձել, որը կատարում է ղեկավարի ցուցումները: Սա ամենասարսափելին է: ԲԴԽ-ն պետք է գործի որպես դատարան, որտեղ պետք է տարբեր դիրքորոշումներ լինեն, որոնք կարտացոլվեն: Այդ խորհուրդը Սահմանադրությամբ մի բանի համար է, սակայն, փաստորեն, չի իրականացնում Սահմանադրության պահանջները, այլ միանձնյա որոշումներ է ընդունում:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։