Մակրոնը կոչ է արել դադարեցնել Գազայի ռմբակոծությունը և հումանիտար զինադադար հաստատել
Ֆրանսիան կոչ է անում դադարեցնել Գազայի հատվածում ռմբակոծությունները և հումանիտար զինադադար հաստատել: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք զինադադարի կոչ ենք անում, քանի որ ահաբեկչության դեմ պայքարը չի արդարացնում խաղաղ բնակիչների զոհաբերությունը»,- ասել է Մակրոնը։
Նա ընդգծել է, որ «խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար անհրաժեշտ է դադարեցնել ռմբակոծությունը, կազմակերպել մարդասիրական օգնության տրամադրումը և վերացնել Գազայի շրջափակումը»։
Ֆրանսիայի նախագահը նաև աջակցել է պաղեստինցիների՝ սեփական պետությունն ունենալու պահանջին։ Նրա կարծիքով՝ «Պաղեստինի ժողովրդի օրինական ձգտումներին պետք է քաղաքական մարմնավորում տրվի»։