Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար բարենպաստ իրավիճակ ստեղծի, ինչը շատ դեպքերում մեզ համար ընդունելի չէ..Արմեն Խաչատրյան
Տեղեկություն չունեմ, վարչապետը պարբերաբար գնում է Մոսկվա, երևի գնացել է, տեղյակ չեմ՝ երբ է գնացել: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Խոսելով Վաշինգթոնյան բանակցությունների արդյունքի ու այն հարցի մասին՝ հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը տեղափոխվի Մոսկվա՝ պատասխանեց.
«Ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ դեռևս ամփոփիչ տեղեկատվություն չունեմ, հետևաբար, որևէ բան չեմ կարող ասել։ Ցանկացած քննարկում ու բանակցություն արդեն դրական է: Հարցն այն է, թե արդյունքներն ինչպիսին են, շատ լավ կլինի, եթե մեր սպասելիքներն իրականացված լինեն, բայց ինչպես տեսնում եք՝ դա բարդ պրոցես է և սպասելիքների առումով երկար ճանապարհ երևի անցնենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրի պարամետրերը հայ ժողովրդի համար կարող են ընդունելի չլինեն, Արմեն Խաչատրյանն ասաց.
«Դա շատ պարզ ու հասկանալի է, կարող են այնպիսի պայմաններ առաջադրել և առաջադրում են, որ մեզ համար կարմիր գծեր են և ընդունելի չեն: Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար բարենպաստ իրավիճակ ստեղծի, ինչը շատ դեպքերում մեզ համար ընդունելի չէ»:
Իշխանական պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի կողմից միշտ էլ սադրանքներ լինելու են, խնդիրն այն է, թե այդ սադրանքներն ինչ մակարդակի վրա են լինելու։