«Հայը պետք է հավատա, որ կարեւոր է իր գոյությունը որպես հայ»․ Ռուբեն Վարդանյան
Երեւանում մեկնարկել է առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան՝ «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին համաժողովը:
«Ապագա հայկականը» հանրային նախաձեռնությունը հիմնադրվել է Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի, Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի եւ այլոց կողմից՝ համախմբելու աշխարհասփյուռ հայության եւ Հայաստանի բարեկամների ջանքերը, փորձն ու գիտելիքները՝ հանուն Հայրենիքի ու Սփյուռքի ապագայի կերտման:
Նախաձեռնությունն արդեն իսկ համախմբել է 110 հազարից ավել համակիրների՝ աշխարհի 108 երկրներից
«Օրրան» բարեգործական ՀԿ հիմնադիր, «Բնակչության աճ» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը՝ նշեց՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» մի հարթակ է, որտեղ հային՝ ուր էլ նա լինի՝ Սփյուռքում, Հայաստանում թե Արցախում, տալիս է հնարավորություն իր ձայնը լսելի դարձնել:
«Այս երկխոսությունների մասնակիցները միայն փորձագետները, հիմնադիրները և 200 մասնակիցները չեն, այլև հազարավոր հայեր Սփյուռքից և Հայաստանից, որոնք ամիսներով միասին կիսել են իրենց գաղափարները և կարծիքները։ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության կողմից տարբեր տեսակի հարցադրումներ է եղել՝ հասկանալու մարդկանց կարծիքները, գաղափարները և բոլորին հնարավորություն է տրվել բարձրաձայնելու իրեն հուզող բոլոր հարցերը: Եթե դու ինչ-որ գաղափարներ ունես և մինչև այժմ մտածել ես, որ ոչ ոք ինձ չի հրավիրում ոչ մի տեղ, ես իմ կարծիքը չեմ կարողանում բարձրաձայնել, ահա սա մի հարթակ է, ուր ձեր ձայնը լսելի կլինի և ձեր գաղափարները լուրջ կընդունվի», — ասաց Արմինե Հովհաննիսյանը:
Համաժողովի ընթացքում տեսակապի միջոցով ելույթ ունեցավ նաև Ացախում գտնվող Ռուբեն Վարդանյանը։
Նա հայտարարեց՝ ամենակարեւոր հարցերից է ոչ թե պարզապես գոյություն պահպանելը, այլեւ հասկանալը, թե նոր իրավիճակում ուր ենք գնում, ինչ պատասխաններ պետք է տանք մարտահրավերներին։
«Ութ տարի առաջ Նուբար Աֆեյանի հետ միասին հենց այս օրը տվեցինք «Ավրորայի» սկիզբը։ Եվ հիմա լինելով Արցախում՝ ես ավելի սուր եմ զգում կարեւորությունն այն բաների, որոնց շուրջ միավորվել ենք Նուբարի հետ։ Շատ եմ լսում, որ ասում են՝ եկեք մի բան անենք։ Ուզում եմ վստահեցնել, որ այս շրջափակումը ցույց տվեց մի շատ կարեւոր բան՝ սուտ է, թե հայը մտածում է միայն ուտելու եւ փորը լցնելու մասին․ հայը պահանջ ունի՝ գաղափարների շուրջ քննարկումներ ունենալու։ Հայը պետք է հավատա, որ կարեւոր է իր գոյությունը որպես հայ, պետք է հավատա առաջնորդներին, եւ դա չես կարող անել՝ խանութներն ուտելիքով լցնելու կամ փողի մասին խոսելու միջոցով։ Գաղափարն է կարեւոր։ Պայքարն ամեն օր Արցախում շարունակվում է։ Վստահ եմ, որ առանց գաղափարի ոչինչ չի ստացվելու։ Ցավոք, ներկա չեմ համաժողովին, բայց այն կարեւոր դեր է խաղալու՝ հարցերի պատասխանները գտնելու համար», ասաց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ համաժողոը տևելու է երեք օր և կավարտվի կիրակի օրը։
Meganews.am