Ժոզեն ինձ ասաց՝ քո պատճառով ինձ քննադատում են․ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը պատմել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի հետ «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած խնդիրների մասին.

«Մի անգամ նա ինձ տեսավ և ասաց. «Քո պատճառով ինձ քննադատում են մամուլում»: Ասացի՝ «Այսի՞նքն, պարոն: Ես միտումնավոր չեմ անում, որ Ձեզ քննադատեն: Երբ ես «Մանչեսթեր Յունայթեդում» էի, այնտեղ շաբաթը 3 օր պապարացիներ էին լինում: Նրանք նկարահանում էին, թե դու ինչպես ես հասնում մեքենային, ինչ ես հագնում: Գալիս ես բազա, նորից նրանք են: Յուրաքանչյուր քայլը վերահսկում էին:

Հենց այստեղից էլ ամեն ինչ սկսվեց Մոուրինյուի հետ: Ես մտածեցի, որ այլևս ոչինչ չունեմ անելու Մանչեսթերում: Ես աշխատում եմ, օգնում եմ թիմին, գոլ եմ խփում, իսկ ինչ-որ մեկը գոհ չէ: Չէի ցանկանում ժամանակ կորցնել և պարզապես ֆուտբոլ խաղալ:

Երբ կոնֆլիկտ ունեի Մոուրինյուի հետ, Վենգերը ցանկանում էր ինձ տեսնել «Արսենալում»: Մանկուց իմ երազանքն է եղել խաղալ «Արսենալում»: Սիրել եմ «Արսենալը», քանի որ այնտեղ շատ են ֆրանսիացի ֆուտբոլիստները: Խելագարվում էի, մտածում էի՝ «Աստված իմ, Վենգերի մոտ հայտնվելը հեքիաթ է»,- պատմել է Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ Մխիթարյանն ավելի ուշ Մոուրինյուի գլխավորությամբ հանդես եկավ իտալական «Ռոմայում»՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը:

Այս թեմայով
am