Բենզինն ու հեղուկ գազը թանկացել են՝ մարդկանց եկամուտները մնացել են ցածր․ մասնագետների գնահատականը

Բենզինի, բնական սեղմված եւ հեղուկ գազի, ինչպես նաև դիզելային վառելիքի գների բարձրացումը բացասաբար է ազդել վարորդների, նրանց ծառայություններից օգտվողների և գյուղատնետսության վրա։

Տաքսի ծառայություններն, օրինակ, վերջին շրջանում օրվա գրեթե բոլոր ժամերին առաջարկում են նկատելիորեն ավելացված սակագին։

«Տաքսի ծառայությունները թանկացնում են իրենց ծառայության գինը բենզինի և գազի գազի գնի բարձրացմամբ պայմանավորված։ Այդ ծառայությունն իրականացնողները կա՛մ պետք է թանկացնեն իրենց ծառայությունները, կա՛մ իրենց եկամուտներն են պակասելու։ Սովորական վարորդների համար էլ, դե, լրացուցիչ բեռ է՝ ծախս է ավելանում, ոնց որ մնացած թանկացումների դեպքում, սպասարկման ծախսերը բարձրացել են»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը։

«Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է լիտրը 480 դրամով, իսկ «Պրեմիումը»՝ 500 դրամով: Դիզելային վառելիքի գինը ևս բարձրացել է՝ դարձել 460 դրամ: Հեղուկ գազի մեկ լիտրը 190-200 դրամից դարձել է 220 դրամ, որոշ գազալցակայաններում վաճառվում է 230 դրամով: Կա կանխատեսում, որ վառելիքը էլի կթանկանա՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների բարձրացմամբ: Խոշոր վաճառողները՝ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը բարձրացրել են գները, որովհետեւ աշխարհում հեղուկ գազի պահանջարկն աճել է:

«Երկրում, եկամուտների խիստ բևեռացվածության պայմաններում, ցածր եկամուտների պայմաններում մի մեծ զանգվածի վրա այս թանկացումը ունենում է բացասական մեծ ազդեցություն։ Սա շղթայական ռեակցիայով իր ազդեցությունն է ունենում մնացած բոլոր ոլորտների վրա, ովքեր օգտվում են այդ ռեսուրսներից։ ՀՀ կառավարությունը պետք է ոչ թե աղերսի, խնդրի, իհարկե դրա համար արտաքին դիվանագիտական կապեր ու քաղաքականություն է պետք, որը չկա մեր երկրում, այդ պարագայում գոնե պետք է այնպիսի տնտեսական քաղաքականություն իրականացվի, որի պարագայում հնարավոր լինի, սպառողները կարողանան որոշակիորեն կոմպենսացնել այն մինուսները, որն ունենում ենք նման իրավիճակներում»,-Yerkir.am-ին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Դրա օրինակ է ժամանակակից արտադրություններ, աշխատատեղեր հիմնելը, եկամուտների ճիշտ սահմանափակումներ կատարելը և այլն։ Այնինչ մեր երկրում ընդունում են օրենք, որ պատգամավորների 50 հազար դրամ «գրպանի ծախսը» դարձնեն 250 հազար դրամ։

«Այսինքն, մարդիկ, որոնք որևէ վաստակ չունեն հասարակության առաջ, և այսօր էլ իրենց դրսևորել են ամենավատ տեսանկյունից, 5 անգամ բարձրացնում են գրպանի ծախսը։ Այնինչ հարկավոր է այստեղ հավասարակշռված քաղաքականություն իրականացնեն, որպեսզի քո քաղաքացին աստիճանաբար հեռանա աղքատությունից, ինչպես այլ երկրներում»,-ասաց նա։

Տնտեսագետը բերեց Չինաստանի օրինակը, որտեղ 1 միլիարդ 700 միլիոն մարդ աղքատության տիրույթից դուրս է եկել իրենց պետության վարած տնտեսական քաղաքականության շնորհիվ։ Իսկ մեզ մոտ, ասաց նա, այդ տնտեսական քաղաքականությունը այսօր և տեսանելի ապագայում հեռանկար չունի, քանի որ ցանկացած զարգացում ենթադրում է ներդրումներ, իսկ մեր երկրում ո՛չ ներքին, ո՛չ արտաքին գործարարները հակված չեն ներդրումներ իրականացնելու այսպիսի քաղաքականության պայմաններում։

«Վառելիքն ամբողջ աշխարհում է թանկանում, միակ լուծումն այն է, որ մարդիկ փոխեն իրենց մեքենաները, էլեկտրական մեքենաներ ձեռք բերեն, որ ազատվեն այդ ծախսերից։ Չասացի, որ հեշտ է, բայց պետք է գնալ դեպի դա»,-ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը։

Վարդան Բոստանջյանն ասաց՝ ուսումնասիրություն չունի, թե արդյո՞ք հիմնավորված է մեր երկրում թանկացումը հենց այդ չափով, բայց անցած 3 տարիներին անընդհատ «բստրվել են վիճակներ, որ քաղաքացիներից պոկեն փող»։ Այ հենց սա՛ է կոչվում չհավասարակշված քաղաքականություն։ Կառավարությունը, տնտեսագետի խոսքով, չի ներկայացրել գործունեության ծրագիր ու չի էլ կարող ներկայացնել, որովհետև արհեստավարժների բացակայության պայմաներում, գոնե մեր հողը, ջուրը, ընդերքը չենք կարողանում օգտագործել ինչպես պետք է։

Աննա Բալյան

Այս թեմայով
am