«1991-ին Տեր-Պետրոսյանը քարոզարշավ չարեց ու խոստումներ չտվեց, բայց ստացավ ընտրողների ձայների 83 տոկոսը»․ Տ․ Պասկևիչյան

Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԸՆՏՐԵԼ ԳՈՐԾԻՔ
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսից հետո բազմաթիվ ընկերներ կապի տարբեր միջոցներով տագնապած հարցնում են. «Նախագահն ինչո՞ւ որևէ խոստում չի տալիս։ Ախր, սենց Կոնգրեսին ձայն չեն տա»։
Ես էլ պատասխանում եմ. «Եթե ձայն պիտի տան նախընտրական խոստումին, դրա համար շատ կուսակցություններ ու դաշինքներ կան։ Ասենք՝ ԱԺԲ-ն, որի ցուցակի անդամներից մեկը խոստանում է մեծ, կլոր ու չաղ Հայաստան»։
Բայց ընկերներս համառ են ու ասում են, թե խոստում չտալը պատասխանատվությունից խուսափելու տպավորություն է թողնում։
Ես էլ պատասխանում եմ. «Ուղիղ հակառակը՝ խոստում չտալը բարձր որակի պատասխանատվություն է։ Խոստումը տվեցիր, դառնում ես դրա գերին, եթե, իհարկե, նախապես չես որոշել «դե, բան էր ասեցինք» հարապտույտով (կռուտիտ) խույս տալ կամ՝ թավշյա հեղափոխության առաջնորդի հանգույն, անել լրիվ հակառակ բաներ»։
Բայց ընկերներս շա՜տ համառ են և ուզում են իմանալ՝ ի՞նչ չափանիշով ընտրել։
Ես էլ պատասխանում եմ. «Ընտրեք, ինչպես կարևոր աշխատանքի համար գործիք, օրինակ՝ համակարգիչ, կընտրեիք։ Այսինքն՝ կարևորելով գործառնական որակները՝ հզորություն, արագություն, օպերատիվ հիշողություն և, իհարկե, հուսալիություն»։ 
Ի դեպ, 1991-ին Տեր-Պետրոսյանը քարոզարշավ չարեց ու խոստումներ չտվեց, բայց ստացավ ընտրողների ձայների 83 տոկոսը»։

Այս թեմայով
am