ԱՆ-ն գաղտնի է պահում դատաբժշկական կենտրոնի սառցարանային հնարավորությունների թիվը, թե արդյոք բոլոր սառցարանները զբաղված են եղել, որ զինվորների մարմինները նկուղում են պահվել

Առողջապահության նախարարությունը գաղտնի է պահում Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական» կենտրոնի նկուղային հարկում պահված դիերի քանակն ու պահման ժամկետները, ինչու են մարմինները պահվել նկուղում եւ ոչ թե սառնարանում։ Եւ ընդհանրապես, քանի նույնականացված մարմին է պահվել նշված կենտրոնում։

Հունիսի 1-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ փորձելով պարզել ՀՀ-ում գործող դատաբժշկական կենտրոնների սառցարանային հնարավորությունները, թե քանի մարմին կարող են պահել, արդյոք բոլորը լրացված են եղել, որ զինվորների մարմինններն ուղարկել են «Աբովյանի դատաբժշկական գիտագործնական» կենտրոն՝ նկուղում պահելու համար, երբ են տեղափոխվել եւ արդյոք ստուգվել է տվյալ տարածքի ջերմաստիճանը՝ նախքան դիակները տանելը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մեր զինվորների մարմինները պահվել են պարկերի մեջ՝ նկուղում, հատակին գցված։ Անհետ կորած զինծառայողների հարազատները պնդում էին, որ նկուղային հարկում եղել է +26 աստիճան էր, դիերն էլ կենտրոն էին տեղափոխվել տարբեր ժամանակահատվածներում։

Հարցմամբ փորձել էինք պարզել նաև՝ ինչո՞ւ նույնականացված մարմինները չէին հանձնվել ծնողներին։ Նաև պարզաբանում ենք խնդրել ներկայացնել, թե ինչո՞ւ են դիերը պահվել նկուղում՝ փոշու մեջ, ինչո՞ւ չէին գտնվում սառնարանային հատվածում։

Առողջապահության նախարարությունից, սակայն նշված հարցերից որևէ մեկին պաշտոնական պատասխան չեն ներկայացրել, նշել, որ այս պահին տեղեկատվություն չեն կարող տրամադրել՝ պատճառաբանելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և Քննչական կոմիտեում իրականացվում է նախաքննություն։

Նախարարությունից հաստատում են, որ զոհված զինծառայողների աճյուններն ու մասունքները Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական» կենտրոնից տեղափոխվել են ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի դատաբժշկական փորձաքննությունների բաժին։

Ավելին, չեն նշել, թե սառցարանային ֆոնդը որքան է, ծանրաբեռնվածությունը որքան է։ Պատասխանից խուսափելը վկայում է, որ կամ մեր սառցարանները գերհագեցած են ու պատկան մարմինները թաքցնում են զոհերի թիվը մարմինները թաքցնելով նկուղներում, կամ էլ այնքան արհամարհած ունեն, որ սառցարաններն ազատ՝ զինվորների մարմինները պահում են նկուղում։

ԱՆ-ից հայտնել են միայն, որ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիակներն ու մասունքները պահվում են ԱՆ «դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում, այլ բժշկական կենտրոններում պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մասունքեր և դիակներ առկա չեն։

Մեկ այլ հարցով խնդրել էինք հայտնել, թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր քանի զինվորի դիակի նկատմամբ է փորձաքննություն նշանակվել եւ պաշտոնական զոհերի թիվը որքան է, այն է՝ քանի մահվան վկայական է տրվել։

ԱՆ-ից հայտնել են, որ պատերազմի սկզբից մինչ օրս դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3756 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմին և մասունք։ Փորձաքննության ենթարկվածներից 3425 մահվան մասին բժշկական վկայական է լրացվել, նաև կատարվել է 2689 փորձանմուշի նույնականացում։ Ներկայումս 50 դիակից և մասունքից վերցված փորձանմուշ գտնվում են ԴՆԹ կրկնակի փորձաքննության փուլում, որոնցից փորձվում է անջատել ԴՆԹ պրոֆիլ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Այս թեմայով
am