Կարող է նկարներ են տեսել. Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն ազատվել է աշխատանքից

 Պատճառները չգիտեմ, բայց իրականում, ճիշտ է, էլ չեմ աշխատում: Այս մասին Meganews.am-ի հետ զրույցում ասաց Տաթև բնակավայրի արդեն նախկին վարչական ղեկավար Գոռ Մինասյանը, ում աշխատանքից հեռացրել են: 

«Մայիսի 25-ից չեմ աշխատում: Մինչև հիմա անհայտ է, թե ինչու: Կարող է նկարներ են տեսել»,- կատակեց Մինասյանը՝ չմանրամասնելով, թե ինչ նկարների մասին է խոսքը: 

Ճշտող հարցին, թե իր և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի միջև տեղի ունեցած միջադեպը որքանով կապ ունի իրեն աշխատանքից հեռացնելու հետ, Մինասյանը պատասխանեց. «Եկեք դրա մասին չխոսենք, նորմալ է ամեն ինչ»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է սահմանային իրադրությունը, նա պատասխանեց, որ դա ցավոտ հարցերից մեկն է:

«Էսօր իմ պայքարը ոչ թե կուսակցական է, այլ ես հայրենասեր մարդ եմ ու ցանկանում եմ, որ մեր երկրի ղեկավարը լինի շատ ուժեղ մարդ, որ կարողանանք կանգնել այդ մարդու կողքին ու որ գնում ես պատերազմի, իմանաս, որ ղեկավար ունես, գոնե քո չլինելու դեպքում պայքար կլինի, ոչ թե էս նմանների... չեմ ուզում նույնիսկ արտահայտվեմ: Որ մեկի մասին շատ խոսում ես, իրենք մտածում են, որ արժանի են, ես նույնիսկ չեմ ուզում խոսել դրանց մասին»,- եզրափակեց Մինասյանը:

Այս թեմայով
am