Հայրենասիրությունը պետք է գործնակա՛ն քայլերի վերածել

«Բիզնեսը հայրենիք չի ճանաչում», «Կապիտալը հայրենիք չունի», «Փողն ազգություն չի ճանաչում». այս եւ նմանատիպ արտահայտություններն արդի աշխարհում գցված անհրաժեշտ այն խամաճիկային թելերն են, որոնցից օգտվում են խելացի պետությունները՝ իրենց տնտեսական ու քաղաքական ազդեցությունները տարբեր երկրներում կիրառելու նպատակով։ Բայց երբ պահը գալիս է, պետության ձեռքը գործում է՝ կապիտալն աշխատեցնելով հօգուտ սեփական պետության ու պետական շահի։ Իսրայելի օրինակը շատերին է հայտնի։ Նույնը՝ ԱՄՆ-ի. երբ անհրաժեշտ է լինում, ազատական տնտեսահարաբերություններ են, երբ ոչ, պետությունը ձեռքի մի շարժումով այլ երկրներում ներդրված կապիտալի հետկանչ է անում… «Անվիճելի է, որ մեր հայ գործարարներից ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչներից շատերը պակաս հայրենասեր չեն, քան Հայաստանի անվանի դասախոսներն ու հանրահայտ բժիշկները, հայտնի փաստաբաններն ու փորձված դիվանագետները, քան մշակույթի ականավոր գործիչներն ու քաղաքագետները, քան վաստակաշատ պահեստազորի սպաներն ու այս օրերին Հայաստանի պետական սահմանը փաստացի պաշտպանող մեր հայ հողի մշակները… Հայ գործարարներն ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչները նույնպես չպետք է թույլ տան, որ հայ ազգի թափած արյամբ ոտքի կանգնած երկիրն ու անասելի ջանքերով վերականգնված տնտեսությունը գնան անփառունակ կործանման,- Արցախյան երրորդ պատերազմից հետո, նախորդ տարվա դեկտեմբերին առիթով ասել էր տնտեսագետ Կարեն Ճշմարիտյանը:- Եվ հիշե՛ք` եթե կապիտալի տերն ունի ազգային պատկանելություն, ապա կապիտալն ունի ոչ միայն ազգություն, այլեւ ունի Հայրենիք»: Գաղտնիք չէ, որ եթե անվտանգային խնդիրները չեն լուծվում, ապա տվյալ երկրում ներդրումներ չեն լինում։ Սա անվիճելի է։ Սակայն՝ մեդալի մյուս կողմն էլ «կարդանք»։ Անվիճելի է, երբ խոսքն այլ «ազգության» կապիտալի մասին է։ Իսկ եթե խոսենք մեր «ազգության» կապիտալի մասին, ապա դրա ներհոսքն ապահովելով ու տնտեսությունը ոտքի հանելով՝ նույնպես կարող ենք նպաստել անվտանգային խնդիրների էլ ավելի արագ լուծմանը։ Բայց դրա համար պետությունը պետք է աշխատի, որպեսզի հայ ձեռներեցը՝ խոշոր թե փոքր, գիտակցի, որ աշխարհի որ անկյունում էլ լինի, ինքն ուժեղ է, իր կապիտալը՝ մնայուն, եթե ջանքերն ի շահ հայրենիքի են գործադրվում։ Ինչու՛ ենք ասում՝ պետությու՛նը պետք է աշխատի։ Պարզ մի պատճառով. բոլոր ձեռներեցները չէ, որ գիտակցում են վերն ասվածը՝ ուղնուծուծով հավատալով «փողը հայրենիք չունի» հատուկ նպատակով գցված թեզին։ Խաչատուր Դադայանը («Հայոց տնտեսական ցեղասպանություն: Հայերի տնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում մինչեւ 1915 թվականը» փաստերի ժողովածուի հեղինակ), խոսելով Նժդեհի տնտեսագիտական ընկալումների մասին, գրում է, որ «Նժդեհն ուներ տնտեսագիտական լուրջ տեսական հենք եւ, բնական է, դա պետք է ներդներ իր կենսափիլիսոփայության մեջ, կիրառեր հայկականության, հայ իրականության հանդեպ։ Հարկ է շեշտել, որ Նժդեհի վերաբերմունքը հայոց կապիտալի եւ նրա կրողների հանդեպ խիստ բացասական է։ Հայ իրականության մեջ ազգակից դրամատերերի հանդեպ մերժողական կեցվածքը նորություն չէր. դրա դրսեւորումները բազմաթիվ են մեր գրականությունում եւ մամուլի էջերում։ Նժդեհի դատավճիռը նվազ ահեղաձայն չէր. «Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին։ Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում։ Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են։ Սրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից։ Պարտականութիւններ չունեն սրանք։ Մարդ չեն սրանք։ Ա՜հ, այդ «վատ սրտի ու լաւ ստամոքսի» տէրերը. իրենց նիւթական բաւականութիւնների համար միայն ապրող մարդատիպ անասուններ. որոնք օտարի համար աշխատող ազնիւ անասունի արժէքն իսկ չունեն։ Տմա՛րդ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. «Զա՛րկ կրծքին, դատարկ ձայն կը տայ» («Էջեր իմ օրագրէն»)։ Նժդեհի կյանքն ու ժամանակի շունչը հասկացողի համար մտահոգությունը լիովին ընկալելի է։ Մեծ իմաստասերն ու զորավարն Իսրայելի օրինակն է բերում. «Նա յաղթեց, որովհետեւ նրա մօտ գերագոյն հակակշիռը պատկանում է ազգին, որը ներկայացւում եւ արտայայտւում է իր ընտրանիի միջոցաւ։ Նա յաղթեց, որովհետեւ նրա մէջ պարտականութիւն է անհատական երջանկութեան ձգտիլը, սակայն, յօգուտ Իսրայէլի բարօրութեան. գովելի է փառասիրութիւնը, բայց Իսրայէլի փառքի համար. արդար է հարստանալու տենչը, հարստութիւնը, բայց դա ո՛չ թէ որպէս նպատակ, այլ որպէս միջոց` զայն Իսրայէլի դատին ու ազդեցութեան ծառայեցնելու համար։ Եւ հէնց այդ է պատճառը, որ հրէութիւնը այսօր տէր է մի անպարտելի ոյժի – ոսկու եւ խելքի եղբայրութեան – իր ծոցի մէջ»։ Իսկ ի՞նչ եղավ մե՛ր պարագայում։ Նժդեհը շարունակում է. «…Մեր պատմութեան ընթացքում… մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց։ Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել։ Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ – որը քեմալականները քամուն տուին` պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան…»… Կրկին՝ ինչու՛ ենք ասում՝ պետությու՛նը պետք է աշխատի։ Որովհետեւ բոլոր հայ դրամատերերը չէ, որ հօգուտ հայրենիքի ծառայելու օգուտը գիտակցում են, այո, գուցե հայրենասեր են, բայց հայկականությունը խորքային իրենց ներսում չեն կրում։ Հայրենասիրությունը գործնական քայլի չեն վերածում։ Պետությունը դրամատիրոջ հետ պետք է աշխատի նրա իսկ հոգեբանությամբ՝ ցույց տալով հայրենիքում նրա անելիքի շահը, քաղելիք պտուղը, համբավը, համապատասխան երաշխիքներ տրամադրի եւն։ Տնտեսագետ Կարեն Ադոնցը վստահ է, որ երկրի տնտեսությունը կարելի է ոչ միայն ոտքի հանել, այլեւ հզորացնել ու շատ արագ, որովհետեւ սա մեր լինել-չլինելու պահն է. «Կամ հաղթում ենք տնտեսապես, կամ՝ մեռնում բարոյապես»: Անհատական մակարդակներով աշխատելու ժամանակը հիմա մենք չունենք։ Հաղթելուց զատ այլ տարբերակ չունենք։ Իսկ հաղթելու համար պետք է արագ գործի անցնենք։ Արագության համար էլ պետությու՛նը պետք է գործի անցնի՝ հապճեպ ու մանրազնին հաշվարկված քայլերով։

Արմենուհի Մելքոնյան 

hhpress.am

Այս թեմայով
am