Հանրային հեռուստաընկերության պարզաբանումը․ ի՞նչ սկզբունքով է կազմակերպվելու դեբատը, որը քաղաքական ուժերի դժգոհությունն է առաջացրել

2021 թվականի հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնկացող կուսակցություններն ու դաշինքները սկսել են հայտարարություններով հանդես գալ՝ նշելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր է նախատեսում կազմակերպել և դրանք մի քանի մասով են անցկացվելու՝ հաշվի առնելով քաղաքական ուժերի մեծ թիվը։

Ի պատասխան meganews.am -ի գրավոր հարցման, Հանրային հեռուստաընկերությունից հայտնեցին, որ կառուցված տաղավարի չափերով պայմանավորված, մեկ բեմում կարող են հրավիրվել մինչև 15 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

«Հաշվի առնելով ներկայացված ուժերի աննախադեպ մեծ քանակը՝ խնդիր է առաջացել հեռուստաբանավեճերն իրականացնել երկու խմբով՝ 13-ական մասնակցով։

Ընտրվել է 2 սկզբունք, որպեսի խմբերը լինեն հնարավորինս բազմազանեցված և քաղաքական ուժերը կարողանան երկխոսել, բանավիճել տարբեր քաղաքական ուժերի հետ։

Լինելու է 2 բանավեճ։ Առաջին բանավեճը նախընտրական ցուցակների 2-10-րդ համարներից մեկական ներկայացուցիչների համար է նախատեսված։ Այս դեպքում երկու խմբի բաժանման սկզբունքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված վիճակահանությունն է։ Բանավեճերը տեղի են ունենալու հունիսի 8-ին և 11-ին»։

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի առաջնորդների բանավեճին, հեռուստաընկերությունից հայտնեցին, որ դրանք տեղի են ունենալու հունիսի 16-ին և 17-ին։

«Այս դեպքում երկու խմբի բաժանումը պետական ռեգիստրում կուսակցությունների գրանցման ամսաթիվն է»։

Նշվեց նաև, որ բոլոր ուժերի ներկայացուցիչների համար տեղի է ունեցել տեխնիկական բրիֆինգ, որի ժամանակ ներկայացվել են թե՛ բաժանման սկզբունքները, թե դեբատի ժամանակ տեխնիկական մյուս հարցերը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն մի քանիսը ներկա չեն եղել բրիֆինգին։

Եղել են կուսակցություններ/դաշինքներ, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնել, կամ հարցեր հղել, և նրանց բոլոր հարցերին պատասխաններ տրվել են թե՛ Հանրային հեռուստաընկերության ներկայացուցչի, թե՛ միջազգային մասնագետի կողմից։

«Ինչպես նաև մեր գործընկերը՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI), որը աջակցություն է տարմադրում այս ծրագրին, վերապատրաստում է կազմակերպում, որպեսզի թեկնածուները հնարավորինս լավ պատրաստվեն բանավեճերին։ Ներկայացվել են վարքագծի կանոնները, որոնք պետք է ստորագրվեն ներկայացուցիչների կողմից։

Թեկնածուների կանգնելու հերթականությունն էլ տեղի է ունենալու վիճակահանությամբ՝ ուղիղ եթերում»,-նշեցին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից։

Ամեն դեպքում, քաղաքական ուժերը գտնում են, որ հավասարությունն այսպես չի ապահովվում և միևնույն է պարզ չէ, թե ինչու է հին ու նոր կուսակցությունների բաժանում արվել։

Այս թեմայով
am