5 տարում 3 մլրդ դոլարի ներդրում, հզոր բանակ, անվտանգություն, աշխատատեղեր. ինչպիսի զարգացման ծրագիր է առաջարկում Ռոբերտ Քոչարյանը. Известия

Ռոբերտ Քոչարյանն արագորեն միավորներ է վաստակում Հայաստանի վարչապետի պաշտոնի նախընտրական մրցապայքարում: Նրա քաղաքական ծրագիրը կազմվել է հանրապետության փորձագիտական համայնքի հետ սերտ կապի շրջանակներում: Ո՞րն է այս պլատֆորմի յուրահատկությունը, և հակաճգնաժամային ի՞նչ միջոցներ է առաջարկում ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթողը։ Այս մասին գրում է ռուսական հեղինակավոր «Իզվեստիա» թերթը։

Պոզիտիվիզմ, ներդրումներ, ժողովրդականություն

Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ազգային ժողով մուտք գործելու համար քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 5%-ի արգելքը: Դաշինքների նշաձողը սահմանված է 7%: Հիմնական պայքարը ծավալվելու է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» կոալիցիայի միջև: Նախկին նախագահ Քոչարյանի դիրքերն այժմ շատ համոզիչ են թվում`հիմնականում «365+. ապագան սկսվում է հիմա» ծրագրի շնորհիվ:

Փաստաթուղթը մշակվել է՝ շեշտը դնելով տարբեր ոլորտների փորձագետների՝ քաղաքական և տնտեսական գործընթացներին մասնակցության վրա: Ծրագրի ժողովրդականությունն առանցքային առավելություն է, որի մասին խոսում են քաղաքագետները՝  նշելով, որ, երկրի զարգացման նախագիծը, ըստ Քոչարյանի, գրել են ոլորտների մասնագետները: «Արդարադատությունը պետք է իշխի պետության ներսում. մենք պետք է ազատվենք անպատժելիությունից, կողմնակալ արդարադատությունից և պոպուլիզմից. հասարակության զարգացման հաջողության հիմնական գրավականը պետք է լինի ավանդական և ժամանակակից մոտեցումների ու արժեքների օպտիմալ համադրումը»,-  հիմնական թեզեր, որոնց վրա հիմնվում է նրա թիմը:

Ընդդիմախոսներն իբր արձագանքեցին այս քաղաքական մանիֆեստին՝ փորձելով ուժեղացնել վարչական ռեսուրսը: Քոչարյանի և նրա համախոհների վերաբերյալ ծրագրի ներկայացումից հետո, նրանց վրա մեծացավ պաշտոնյաների ճնշումը: Ինչպես նշում են «Հայաստան» դաշինքում, սա ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունը փաստարկ չունի ընդդիմության դեմ:

«Աշխատող երկրի հայեցակարգը» կենդանի փաստաթուղթ է: Վերջնական տարբերակը կձևավորվի ընտրությունների ամսաթվին մոտ՝ փորձագիտական հանրության մասնակցությամբ:

Միլիարդավոր ներդրումներ

Քոչարյանի ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգությանը և պաշտպանական համակարգի բարեփոխումներին:

«Բանակը երկրի անվտանգության համակարգի ողնաշարն է: Այն պետք է լինի ժամանակակից, հնարավորինս պրոֆեսիոնալ և արդյունավետ: Մեր բանակը աջակցության և լուրջ բարեփոխումների կարիք ունի: Սա կապահովի ոչ միայն խաղաղ սահմանները, այլև Հայաստանին կվերադարձնի տարածաշրջանային լուրջ խաղացողի կարգավիճակը»,- շեշտել է Քոչարյանն իր ընտրական ռազմավարության շնորհանդեսին:

Բայց հիմնական խաղադրույքն արված է ոչ այնքան ռազմարդյունաբերական համալիրի, որքան ենթակառուցվածքային նախագծերի վրա: Դրանք կօգնեն հանրապետությունում բացել շուրջ 10 հազար նոր աշխատատեղեր:

«Համապարփակ զարգացած պետություն ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձրորակ ու անցանելի ճանապարհներ: Մենք կապահովենք Հայաստանի բոլոր համայնքների տրանսպորտային մատչելիությունը և կփորձենք թեթևացնել Երևանի ճանապարհները»,- հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, որը Ռոբերտ Քոչարյանի թիմում է։

Առանձին թեմա է գյուղատնտեսության զարգացումը և աջակցությունը: Ռոբերտ Քոչարյանը և նրա համախոհները վստահ են, որ պետք է անմիջականորեն հաղորդակցվել ֆերմերների հետ: Դա անելու համար նրանք նախատեսում են պրոֆիլային նախարարությունը վերադարձնել պետական կառավարման կառույց: Այն ստիպված կլինի մշակել գյուղատնտեսական արտադրողների սուբսիդավորման և գյուղացիական աշխատողների հարկային արտոնությունների մեխանիզմ: Դրան զուգահեռ, «Հայաստան» դաշինքը նախատեսում է զարգացնել ներքին ու արտաքին շուկաները:

Իր կառավարման առաջին հինգ տարիներին Քոչարյանի թիմը նախատեսում է 3 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել երկիր:

Չպարտվածներ

Պարտված ղարաբաղյան պատերազմը հատուկ դրվագ է հանրապետությունում տիրող տրամադրություններում: Սա չէր կարող չանդրադառնալ Քոչարյանի քաղաքական ծրագրի վրա: Բանակի դիրքի ամրապնդումը անվտանգության միակ բաղադրատոմսը չէ: «Հայաստան» դաշինքը կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է ռազմագերիներին վերադարձնել հայրենիք: Միևնույն ժամանակ, կարևոր է գնահատել զոհերի ճշգրիտ թիվը 44-օրյա պատերազմի ընթացքում. պաշտոնական տվյալները դեռ կասկածի տակ են:

Աշխարհայացքի ցատկի համար անհրաժեշտ քայլերի որոշումը դժվար չէ: Քոչարյանը պնդում է, որ հայերի մոտ չպետք է զարգանա պարտվողի համախտանիշ: Մշակույթի վերականգնվելիք նախարարության հիմնական խնդիրը հայ ինքնության վերածնունդն է: Այս ուղղությամբ Քոչարյանի դաշինքում կարևոր դեր է հատկացվում հայկական սփյուռքի հետ համագործակցությանը: Առաջին հերթին՝ Ռուսաստանում հայկական համայնքի:

Այս թեմայով
am