Հավաքների կազմակերպիչների դեմ քրեական հետապնդումների անհամաչափությունը կարող է լուրջ վտանգ հանդիսանալ․ զեկույց

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացրել է 2020 թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում անցկացվող հավաքների մանրամասն մշտադիտարկում, հավաքների ազատության իրավունքին առնչվող իրավական դաշտի վերլուծություն։

Հատված զեկույցից

2020 թվականը, լինելով աննախադեպ ճգնաժամային տարի, ցույց տվեց, որ հավաքների ազատության իրավունքի համակարգային խնդիրները եւ մարտահրավերները շարունակում են արդիական մնալ։ Հավաքների ազատության նկատմամբ երկու անգամ կիրառվեց բացարձակ արգելք, որոնց պահպանման հետեւողականությունը եւ համաչափությունը խիստ խնդրահարույց էին։

Խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության վարչարարությունն ուղեկցվում էր բազմաթիվ խնդիրներով։ Ոստիկանության մեծաքանակ ուժերի կենտրոնացումը ընդդիմադիր ուղղվածությամբ հավաքների վայրերում, դիմակավորված ոստիկանների ներգրավումը հասարակական կարգը պահպանելուն եւ հավաքները դադարեցնելուն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու ոչ հետեւողական եւ անհարկի գործելաոճը խոչընդոտում են հավաքների ազատության իրավունքի իրացումը։

Քաղաքական բարձր լարվածության եւ ճգնաժամային իրավիճակում առավել քան անհրաժեշտ է, որ ոստիկանությունը դրսեւորի հավաքների մասնակիցների հետ շփման եւ բանակցություններ վարելու հմտություններ։

Ոստիկանության ծառայողների կողմից տարբերանշան չկրելը կարող է դժվարացնել նրանց հետագա նույնականացումը, ինչպես նաեւ նվազեցնել վերջիններիս զսպվածությունը։ Հավաքների կազմակերպիչներին՝ նախքան հավաքի մեկնարկը ձերբակալելը, ոստիկանություն կանչելը կարող են ունենալ խիստ կաշկանդող ազդեցություն։ Ոստիկանության վարչարարությունը, մասնավորապես, քաղաքական ուժերի կողմից կազմակերպվող կամ քաղաքական հնչերանգ ունեցող հավաքների ընթացքում կաշկանդված է, ինչը նաեւ կապված է վերջինիս՝ ՀՀ վարչապետին ենթակա կառույց լինելու հանգամանքով։

Օրենսդրական դաշտը, հիմնականում համապատասխանելով միջազգային չափանիշներին, որոշակի բարեփոխումների կարիք ունի։ Բարեփոխումների անհրաժեշտությունը հատկապես կապված է իրազեկմամբ անցկացվող հավաքների ժամկետների, որոշակի վայրում հավաքների անցկացման սահմանափակումների, ինչպես նաեւ հավաքների ազատության համատեքստում վարչական եւ քրեական պատասխանատվության հստակ տարանջատման եւ պատժաչափերի վերանայման հետ։ Հավաքների կազմակերպիչների դեմ քրեական հետապնդումների անհամաչափությունը կարող է լուրջ վտանգ հանդիսանալ հավաքների ազատության իրավունքի պաշտպանության տեսանկյունից։

Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Այս թեմայով
am