Ալեն Սիմոնյանը դատի է տվել լրագրողին, պահանջում է 2 միլիոն դրամի փոխհատուցում

ԱԺ փոխնախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել լրագրող Անի Գեւորգյանին հերքել իր մասին զրպարտչական տվյալների հրապարակումը: Բացի հերքումից Ալեն Սիմոնյանը նյութական պահանջ է նաեւ ներկայացրել՝ 2 մլն դրամ որպես զրպարտելու համար փոխհատուցում :

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին իմ քայլական պատգամավորները խորհրդարանում հոտնկայս ծափահարել էին Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ, ինչը բավականին լարված էր անցել հատկապես լրագրող Անի Գեւորգյանի հետ:

Ալեն Սիմոնյանը լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր, թե նա ներկայացնում է քաղաքական ուժ, ապա հորդորել էր հանգստանալ՝ նշելով, որ կգնահատեն իր աշխատանքը:

Այս ճեպազրույցից հետո համացանցում որոշ օգտատերեր տարածել էին Անի Գեւորգյանի ու նրա անչափահաս որդու լուսանկարները:

Ֆեյքային այս հարձակումը լրագրողը կապել էր Ալեն Սիմոնյանի հետ ու իր հրապարակային հարցազրույցներում հայտնել, որ ներքին համոզմունք ունի, որ այդ ամենը կազմակերպվել է Ալեն Սիմոնյանի կողմից: Իրեն այդ ամենում տեսնելու մասին լրագրողի հայտարարություններն է ԱԺ փոխնախագահի պաշտոնակատարը համարել զրպարտություն ու դիմել դատարան: «Ուզում եմ հիշեցնել՝ ֆեյքային ֆաբրիկային Ալեն Սիմոնյանի հնարավոր առնչության մասին խոսել են խորհրդարանում, բացի այդ բազմաթիվ հայտարարություններ ու մեղադրանքներ են հնչել, որոնց Ալեն Սիմոնյանը սպառիչ չի պատասխանել, ու առավել եւս մենք չունենք դատարանի որոշում. հետաքրքիր է՝ նա ընտրել է հենց լրագրողին դատի տալու ճանապարհը:

Այնուամենայնիվ, ես ներկայացրել եմ իմ ներքին համոզմունքը՝ ելնելով նաեւ նրանից, որ դեպքը հաջորդել է անմիջապես իր ճեպազրույցին, բացի այդ իր անունը կապվել է ֆեյքային ֆաբրիկայի հետ ոչ միայն մամուլով, այլեւ խորհրդարանում հնչած հայտարարություններով, մամուլով նրա նունը կապվել է նաեւ «հեղափոխության պահապաններ» կոչվող խմբի հետ, իսկ այն օգտատերը, որը տարածել է իմ ու երեխայիս նկարը, գրված էր հեղափոխության պահապաններ »,- ասաց Անի Գեւորգյանը: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:

Այս թեմայով
am