Հադրութը հանձնել են թուրքին, Հադրութի գինին բերել ու փառատոնին են ներկայացնում. Գայանե Ներսիսյան

Երկրում առկա մի քանի խնդիրների մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ, մեներգչուհի, «Կարին» ժողգործիքներ համույթի ղեկավար Գայանե Ներսիսյանի հետ:

– Տիկին Ներսիսյան, օրեր առաջ ականատես եղանք, թե ինչպիսի հակասանիտարական եւ անբարեխիղճ վիճակում էին գնտվում 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների մարմինները: Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցածը կարծես թե հանրությանը ցնցել է: Դուք ի՞նչ տպավորություն ունեք կատարվածի վերաբերյալ եւ, Ձեր կարծիքով` ո՞վ է պատասխանատուն:

– Պատասխանատուն Հայաստանի գլխավոր պատուհասն է: Կատարվածն ուղղակի զարհուրելի էր: Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ գլխավոր պատուհասը հայ բառը ատում է: Ամիսներ առաջ, երբ «Հայ գրականություն» առարկայի դասագրքերից ջնջում էր հայ բառը, հայոց պատմությունը դարձնում կամընտրական, սրանք խոսում են այն մասին, որ այս արարածը հայ բառի հետ խնդիրներ ունի: Շատ վաղուց այս ամենը տեսանելի էր, պարզապես ցավալին այն է, որ մեր ժողովրդի մի մասը դեռ չի գիտակցում, թե ում է սատարում: Նրանք հիմնականում թույլ ուղեղներ են, թույլ ուղեղների վրա հեշտ է ներազդելը:

– Օրեր առաջ Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին նվիրված համերգ էր, որին հաջորդեց ինչ-որ անհասկանալի գինու փառատոն:

– Ես չեմ կարողանում հասկանալ, թե այս օրերին ինչպես կարելի է համերգ տալ: Շատուշատ երեխաներ մեծացան եւ կոտորվեցին: Հիմա ի՞նչ համերգի մասին է խոսքը: Գինու փառատոն ասվածն ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ: Հադրութը հանձնել են թուրքին, Հադրութի գինին բերել ու փառատոնին են ներկայացնում: Սա ուղղակի դատարկամտություն է: Ես չեմ հասկանում մեր ժողովուրդն այս վշտի մեջ ինչպես կարող է նման փառատոների մասնակցել եւ ուրախանալ:

– Ստացվում է, որ հայ ժողովրդի մի ստվար զանգվածն ուղղակի անտարբեր է: Անտարբերությունն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

– Անտարբերությունը կարող է լինել կործանարար: Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, 6 ամիս անց կլինի մեր վերջը: Արժանապատվություն ունեցողները Հայաստանից կփախչեն, իսկ արժանապատվությունից զուրկ մարդիկ` թուրքերի հետ առեւտուր կանեն:

Այս թեմայով
am