Թույլ չենք տալու՝ վարկերը «ուտեն» քաղաքացիներին. Մելքումյանը հակադարձում է ԿԲ նախագահին

Միանշանակ գտնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ զրոյացնել, ներել մինչեւ 3 մլն դրամի վարկերը, տեղին է, գերարդիական է, այն քննարկված է մասնագիտական բարձր մակարդակով: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նշենք, որ նախօրեին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը բացասական էր արտահայտվել այդ առաջարկի վերաբերյալ:

«Հենց ԿԲ նախագահի մեկնաբանությունը թերեւս ապացուցում է այդ առաջարկի հիմնավորվածությունը, առ այն, որ ժամանակին այդպիսի ներում, զրոյացում կիրառվել է վարկառուների տարբեր խմբերի համար, որի արդյունքում 50 տոկոսը բարելավել է իր վիճակը, մյուս 50 տոկոսը խնդրահարույց է եղել, նորից հայտնվել են վարկերի տակ:

Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ երբ այս միջոցառումը իրականացնեն, դա լինելու է լրիվ նոր տնտեսական քաղաքականության պայմաններում. «Երկրորդ, եթե մենք նայենք վարկերի քանակի դինամիկային, ապա կտեսնեք, որ վերջին 2,5-3 տարիներին 1,65 մլն-ից վարկերն աճել են մինչեւ 2,2 մլն-ից ավել: Այդ վարկերի հիմնական մասը սպառողական վարկեր են, մի մասը գյուղացիական, մի մասը ուսանողական, մի մասը վիրահատվելու, բուժվելու: Այսինքն մարդիկ չեն կարողանում ապրել, վարկ են վերցնում, որ գոյատեւեն:

Եթե այս նույն դրամավարկային քաղաքականությունը շարունակվի, եւս 1-1,5 տարի հետո կարող է վարկերը կարող են հասնել 4-4,5 մլն-ի: Մենք պետք է մարդկանց ազատագրենք վարկերից, որպեսզի շնչեն, բայց հետո բանկային  համակարգն այնպես աշխատի, որ վարկերը ճիշտ ուղղությամբ աշխատեն, ոչ թե տանք ու վարկառուին մոռանանք:

Մենք թույլ չենք տա, որ վարկերն ուտեն մեր քաղաքացիներին, ինչպես ժամանակին Անգլիայում եղավ, երբ ասեցին՝ ոչխարները կերան մարդկանց»,-հայտարարեց պատգամավորը:

Նա հավելեց, որ իրենք հստակ գիտեն տեխնոլոգիաները, ռեսուրսը որտեղից է, եւ արդյունքում ինչ են ստանալու:

Այս թեմայով
am