«Սպուտնի՞կ», թե՞ «AstraZeneca». ո՞ր պատվաստանյութն է նախընտրելին

Հայաստանի բնակչության շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումները միանշանակ չեն ընդունվում։ Պատվաստումներն սկսվել են, բայց մասնագետները վստահեցնում են՝ մարդկանց հոսքը մեծ չէ։

«Կան մարդիկ, որ նորմալ են վերաբերվում այս պատվաստումներին, կան մարդիկ, որ կողմ չեն։ Նրանք բացատրություն չեն տալիս, թե ինչո՛ւ կողմ չեն, ուղղակի ասում են՝ չենք ուզում, որովհետև լսել ենք, որ խնդիրներ է առաջացնում»,-  ասում է թիվ 1 պոլիկլինիկայի վարակաբան Արփինե Առաքելյանը։

Մասնագետը նշում է՝ հիմնականում մեծահասակների շրջանում են տարածված մտավախությունները, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ։

«Երբ կարծիք են հարցնում, ես ասում եմ, որ հստակ պատասխան չեմ կարող տալ։ Ինչո՞ւ, որովհետև չունեմ տարիների տվյալներ, բազա, որպեսզի կարողանամ հստակ պատասխան տալ։ Նույնը չենք կարող ասել դիֆթերիայի, կատաղության մասին, որովհետև այս դեպքում բավարար բազա ունենք»,- ասում է մասնագետը։

Մասնագետի խոսքով՝ պոլիկլինիկաներում այսօր պատվաստումն իրականացվում է AstraZeneca պատվաստանյութով։ 

«Ժամանակը ցույց կտա, թե հոսքը ինչպիսին կլինի։ Այս ընթացքում 3-4 պատվաստում է եղել պոլիկլինիկայում, և որևէ դժգոհություն կամ խնդիր չի եղել այդ մարդկանց կողմից։ Գանգատներ չեն ունեցել պատվաստվողները, բայց, կրկնում եմ՝ ժամանակ է պետք»,- ասում է Արփինե Առաքելյանը։

Նշենք, որ ապրիլի 13-ից Երևանում, ապրիլի 14-ից՝ ՀՀ մարզերում մեկնարկել են COVID-19-ի դեմ պատվաստումները։ Եվ չնայած առողջապահության նախարարության մասնագետների կողմից աշխատանք է տարվում՝ ազգաբնակչությանն իրազեկելու, որ պատվաստումների միջոցով է հնարավոր միայն այս համավարակի նվազեցում ունենալ, այդուհանդերձ, բնակչության շրջանում մեծ հետաքրքրություն չկա։ Հայաստանում պատվաստումներն իրականացվում են AstraZeneca և «Սպուտնիկ V» պատվաստանյութերով։

Առաջին փուլով պատվաստվում են ռիսկի խմբի անձինք, քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներն ու բնակիչները։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ իրազեկել էր, որ AstraZeneca-ով պատվաստման համար սահմանվում է տարիքային շեմ․ այս պատվաստանյութով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները։ 

«Սպուտնիկ V» պատվաստանյութով կպատվաստվեն 18-54 տարեկան անձինք, քրոնիկ հիվանդները՝ ևս մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները՝ մինչև 55 տարեկան։

Արտաշիսյան պոլիկլինիկայի թերապևտ Ռուզաննա Եսայանը նույնպես նշում է, որ մարդիկ վատ են վերաբերվում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին։ 

«Մենք առաջարկում ենք և բացատրում։ Հարցնում են՝ ուրիշ ի՞նչ պատվաստանյութ կա։ Այսօր մեզ մոտ AstraZeneca-ն է։ Մենք էլ հիվանդներին ասում ենք, որ միայն դա է։ Բայց եթե անգամ «Սպուտնիկ V»-ն էլ լիներ, ըստ ուղեցույցի՝ դրանով պատվաստելու են 18-55 տարեկաններին։ Իսկ AstraZeneca-ով պատվաստվում են 55-ից բարձր և ռիսկի խմբի անձինք, այդ թվում՝ մենք»,-  ասում է Ռուզաննա Եսայանը։

Նրա խոսքով՝ պացիենտների մոտ հարց է ծագում, թե ինչո՞ւ են AstraZeneca-ով պատվաստում մեծահասակներին։ 

«Հիվանդներից մեկը 72 տարեկան էր, մենք իրեն ասացինք՝ 55 տարեկանից բարձր բոլորին AstraZeneca-ով պետք է պատվաստենք։ Այդ պացիենտն ասաց՝ այսինքն՝ դա նշանակում է՝ մենք կարող ենք չապրել»,- նշում է մասնագետը։

Ռուզաննա Եսայանի խոսքով՝ առաջնային օղակի մասնագետները հնարավորինս իրազեկում են մարդկանց, որ պատվաստվելն անհրաժեշտություն է, բայց արձագանքը շատ վատ է։

«Կամավոր երկու հոգի կային, որ ուզում էին պատվաստվել, բայց այս պահի դրությամբ նրանք էլ են տատանվում։ Ես մարդկանց բացատրում եմ, ասում եմ՝ այս կորոնավիրուսը մեզ հետ ապրելու է ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ ինչպես ջրծաղիկը, պոլիոմիելիտը, կապույտ հազը պատվաստումների շնորհիվ դարձել են կառավարելի ու հազվադեպ հիվանդություններ, նույնն էլ սա է լինելու։ Ես այդքանն ասում եմ, բայց հիվանդներին ստիպել ռիսկ չեմ անում»,- հավելում է նա։ 

«ՍիվիլՆեթի» պատվերով «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» (CRRC Armenia) հիմնադրամը 2021-ի մարտին անցկացրել է երկրորդ հետազոտությունը Հայաստանում առողջապահության, մասնավորապես, կորոնավիրուսի համավարակի և պատվաստումների մասին հանրային ընկալումների մասին։ Ըստ այդմ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերման պարագայում հարցված հայաստանցիների կեսից ավելին (56%) անձամբ չի դիմի պատվաստման համար:

Ընդ որում, կանայք ավելի քիչ են հակված պատվաստվելու (23%), քան տղամարդիկ (39%)։ Այսպես, երիտասարդներն ավելի քիչ են հակված անձամբ դիմելու պատվաստման համար (27%), քան 56 + տարիքային խմբի հարցվածները (38%): Միևնույն ժամանակ, 13%-ը դժվարանում է պատասխանել, արդյոք անձամբ կդիմի՞ պատվաստման համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ի հայտ գալու պարագայում:

Թերապևտ Ռուզաննա Եսայանն անդրադառնում է այն հարցին, թե ինչո՛ւ են Հայաստանի բնակիչները խուսափում պատվաստվելուց։

«Նախքան մեզ մոտ պատվաստումների մեկնարկը՝ հեռուստացույցով խոսվեց, որ AstraZeneca-ով պատվաստումները կողմնակի ազդեցություն են տալիս։ Բայց աշխարհում այս պատվաստանյութով, եթե չեմ սխալվում, պատվաստվել է 178 մլն մարդ, և ընդամենը 178-ի մոտ է եղել կողմնակի ազդեցություն։ Ես դա ասել եմ, որ բոլոր պատվաստանյութերի պարագայում այդ հարաբերակցությամբ կողմնակի ազդեցություն լինում է։ Ինձնից ինչ հասնում է՝ ասել եմ, բայց մարդիկ ունեն իրեն կարծիքը։ Մարդիկ հարցնում են՝ իսկ «Սպուտնիկ» չկա՞, իսկ AstraZeneca-ն կտրուկ մերժում են»,- ասում է նա։

Ռուզաննա Եսայանն ասում է․ 

«Ինձ թվում է՝ վաղ թե ուշ այս պատվաստումները կբերեն հիվանդացության նվազման։ Բայց պետք է գտնվի պատվաստանյութի այն տարբերակը, որը կորոնավիրուսի բոլոր շտամների վրա կազդի»։

 

Այս թեմայով
am