Մի քանի օր է` պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու. Անահիտ Ավանեսյան

Ավելի քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում, ու մեր ռազմավարությունը ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն` բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով: Այս մասին կառավարության հերթական նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդությանը:

Նա նշեց, որ պատերազմի պատճառով գուցե ուշադրություն չեն դարձրել պատվաստումներին, սակայն հիմա կա պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, թեև այն պատշաճ մակարդակով չի իրացվում:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այսօր գրանցվել է 656 նոր դրական դեպք, 2000-ից ավելի վարակակիրներ գտնվում են հիվանդանոցներում: «Երեկ գրանցվել է 16 մահ, արդեն 4000-ի սահմանը, ցավոք, հատել ենք՝ մահերի դեպքերով»,-ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ Հայաստանում արդեն հասանելի են  պատվաստանյութերը: «Մի քանի օր է՝ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Պատվաստումն այն միակ միջոցն է, որն օգնելու է վերջ դնելու մահերի աղետալի ընթացքին ու զսպելու հաջորդ աղետալի ընթացքը»,- ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով պատվաստանյութերի ժամկետներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցը ևս շահարկվում է և հայտնեց, որ բոլոր պատվաստանյութերն ունեն ժամկետներ: «Աշխարհի բոլոր պատվաստանյութերն ունեն պիտանելիության ժամկետ»,- նշեց նա:

 

Այս թեմայով
am