Թուրքիայի այսօրվա տնտեսությունը հայերիս ֆինանսական ռեսուրսով է կառուցված

Պարարտ հող Ցեղասպանության ճանաչման ու փոխհատուցումն ապահովելու համար

Գաղտնիք չէ, որ հայերի տնտեսական գործունեության ամբողջ արդյունքը տառացիորեն թրքական ու քրդական ցեղասպան ամբոխների «պարգեւավճարը» դարձավ, նաեւ՝ Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիայի ռազմատուգանքի վճարամիջոց: Թուրքիայի այսօրվա տնտեսությունը հայերիս ֆինանսական ռեսուրսով է կառուցված: Ուստի մենք, հողայինից զատ, հայոց պահանջատիրության պահանջագրում ֆինանսական ու նյութական հատուցման խնդիրը եւս պետք է ներառենք: Մանավանդ հիմա, երբ մեր պահանջների դիրքերը մեկ աստիճանով եւս ամրացան: Ֆինանսական ի՞նչ հաշվարկների մասին կարող է խոսք լինել: «ՀՀ»-ի հարցին ի պատասխան՝ տրանսպորտային ոլորտն ուսումնասիրող՝ քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը պարզաբանեց, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով հայերի կրած նյութական ու ֆինանսական վնասների վերաբերյալ առկա են բազմաթիվ գնահատականներ ու մոտեցումներ: 
«Սակայն,- նշեց նա,- որպես գնահատման հիմք, ծառայում են 1919-1920 թվականների Փարիզի խաղաղության վեհաժողովում ներկայացված տվյալները, որոնց համաձայն՝ արեւմտահայության կորուստները կազմում են մոտ 14,5 մլրդ ֆրանկ, արեւելահայությանը՝ մոտ 4,5 մլրդ ֆրանկ: Ընդհանուր առմամբ՝ վեհաժողովի շրջանակներում ստեղծված փոխհատուցման հարցերով հատուկ հանձնաժողովը գնահատեց հայերի ֆինանսական ու նյութական կորուստները 19 մլրդ ֆրանկի չափով: Այս վնասները պարունակում են թե՛ գյուղաբնակների, թե՛ քաղաքաբնակների անհատական ֆինանսանյութական կորուստները»:
Այստեղ ի հայտ է գալիս նաեւ փոխարժեքի խնդիրը հաշվի առնելու պարագան: «Այո, այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ փոխարժեքի խնդիրը: Առաջին աշխարհամարտի ժամանակվա 1 ֆրանկը,- նկատեց մասնագետը,- այսօր հավասար է 2,2 ԱՄՆ դոլարի: Հետեւաբար՝ նշված 19 մլրդ ֆրանկը ներկայումս գերազանցում է 40 մլրդ դոլարը: Սրանք, ընդգծում եմ, այն մինիմալ, կրկնում եմ, մինիմալ ֆինանսական կորուստներն են, որոնք հայությունը կարող է պահանջել՝ հիմնվելով նախադեպային իրավունքի վրա: Մասնավորապես՝ խոսքն ամերիկյան NYLIC ապահովագրական ընկերության շահառուների ժառանգների՝ Թուրքիայի կողմից փոխհատուցման վերաբերյալ տարիներ շարունակ ընթացող դատավարության մասին է: Անհրաժեշտ է ընդգծել, որ նյութական պարտավորությունները չունեն վաղեմության ժամկետ, ուստի այս ուղղությամբ հայկական կողմի աշխատանքները պետք է շարունակվեն՝ թե՛ պետական, թե՛ անհատական եւ թե՛ լոբբիստական մակարդակներում»:
106 տարի առաջ պատկերն առավել քան հստակեցվեց. Հայկական լեռնաշխարհը միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքների «դաշտում» աշխարհի աչքի փուշն էր: Այստեղ տեղին է խոսել Բաղդադ-Բեռլին երկաթգծի, Թուրքային աջակցած երկրների շարժառիթների, ստացած օգուտների մասով. «Շատ կարեւոր է հասկանալ հետեւյալը. աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը տնտեսական շահեր է հետապնդում տվյալ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղ բնակվող ժողովուրդների անկախացմանն ուղղված գործընթացները: Դրանք հավելյալ ռիսկեր են ստեղծում գերտերության աշխարհատնտեսական շահի սպասարկման, դրա առաջխաղացման համար: Նույն կոնցեպտը կարելի է կիրառել նաեւ Հայոց ցեղասպանությունը վերլուծելիս: Անդրադառնալով տրանսպորտային միջանցքներին՝ նախ եւ առաջ անհրաժեշտ է դիտարկել Բաղդադ-Բեռլին երկաթուղային մեգա-նախագիծը, որի նպատակը, խոշոր հաշվով, Գերմանիայի գաղութականացման ռազմավարության իրականացումն էր: Մասնավորեցնելով՝ նշեմ, որ այդ՝ 2500 կմ երկարություն ունեցող երկաթուղու նախագիծը կոչված էր ապահովելու Գերմանիայի ելքը դեպի նավթային պաշարներով հարուստ Միջագետք՝ ներկայիս Իրաքի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի հյուսիսային, Սիրիայի արեւելյան տարածքներ, որոնք այն ժամանակ մտնում էին Օսմանական կայսրության կազմի մեջ: Այս լոգիստիկայում առանցքային նշանակություն ուներ Բասրայի նավահանգիստը Շատ-ալ-Արաբ գետի ափին, որով հնարավոր էր ելք ապահովել դեպի Պարսից ծոց: Նախագիծը հակասության մեջ էր մտնում Անգլիայի աշխարհաքաղաքական նկրտումների հետ, ինչի հետեւանքով 1913 թ. Պարսից ծոցի ու Քուվեյթի կարգավիճակի շուրջ ընթացող անգլո-գերմանա-ֆրանսիական բանակցությունների արդյունքում որոշվեց, որ Բեռլին-Բաղդադ միջանցքը կավարտվի հենց Բասրայում՝ առանց Պարսից ծոց դուրս գալու հնարավորության: Դրանով իսկ Անգլիան վերահաստատեց սեփական ազդեցությունը Թուրքիայում, ինչը, մեծ հաշվով, շարունակվում է առ այսօր»: Ի դեպ, ըստ մեր զրուցակցի, պատահական չէ, որ մի շարք արեւմտյան հետազոտողներ դիտարկում են Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը որպես Առաջին աշխարհամարտի առանցքային շարժառիթ: Թուրքիայի տարածքով երկաթուղու կառուցումը հսկայական աշխատուժ էր պահանջում: 1914-ից ի վեր թուրքական կառավարությունը որոշում կայացրեց 16-60 տարեկան բոլոր հայ տղամարդկանց պարտադիր զինվորական աշխատանքի զորակոչել՝ տանջամահ անելով նրանց երկաթուղու շինարարական աշխատանքների ժամանակ: Աշխատանքներն ավարտելուն պես հայերը տեղում սպանվում էին: Նաեւ հենց այդ երկաթուղով դեպի սիրիական անապատներ տարհանվեցին բազմաթիվ հայեր: Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցման աշխատանքներն ավարտին հասցվեցին 1940-ին՝ լիովին այլ աշխարհաքաղաքական պայմաններում, սակայն դրա դերը թե ցեղասպանության, թե հայերի տարհանման հարցում առավել քան ակնհայտ է:
Հարց է ծագում՝ պետականից զատ, անհատական պահանջագրերի գործընթացն ինչպե՞ս պետք է կազմակերպել: «Անհատական պահանջագրերը շատ կարեւոր են,- ասաց քաղաքական գիտությունների դոկտորը,- սակայն այս հարցը ենթադրում է ոչ թե ֆրագմենտար, այլ համակարգային մոտեցում: Փոխհատուցումը պետք է լինի պետական դիվանագիտության, ինչպես նաեւ պետական ինստիտուտների կողմից կազմակերպված լոբբիստական գործունեության արգասիք: Որոշ հաջողություններ մենք արդեն արձանագրել ենք»:
Խոսքը, մասնավորապես, 2000 թ. Կալիֆոռնիայի կոնգրեսի կողմից ընդունված օրենքի մասին է, որի համաձայն՝ սահմանվեցին ցեղասպանության ժամանակ զոհված հայերի ժառանգների հանդեպ ապահովագրական ընկերությունների պարտավորությունները: Ու թեեւ ավելի ուշ այդ օրենքը չեղարկվեց, սակայն ակներեւ դարձան հայկական համայնքի ակտիվ աշխատանքի ակտիվությունն ու արդյունքի հասնելու ներուժը: Որոշակի հաջողություններ ունեցանք նաեւ Ֆրանսիայում, որի ապահովագրական ընկերություններից մեկը պարտավորություն ստանձնեց զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարել: Կարծում ենք՝ այս հարցում անհրաժեշտ է փոքր քայլերի ռազմավարություն որդեգրել՝ խարսխված սփյուռքի մեր հայրենակիցների հետ խորքային հարաբերությունների զարգացման ու միասնական ազգային օրակարգ ձեւավորելու սկզբունքի վրա:
Իբրեւ եզրափակում՝ մասնագետը հավելեց՝ հստակ է՝ այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք հանգեցնելու են նոր աշխարհակարգի ձեւավորմանը, պարարտ հող են ստեղծում Հայոց ցեղասպանության ճանաչման ու, որպես հետեւանք, նաեւ փոխհատուցումն ապահովելու համար:
Ի դեպ, նյութական եւ ֆինանսական վնասի փոխհատուցման հարցի հետ կապված՝ «ՀՀ»-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Սարգսյանն էլ տվյալներ մեջբերեց: Ըստ այդմ՝ ամբողջական նյութական կորուստն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կազմել է 19.13 մլրդ ֆրանսիական ֆրանկ։ Եթե վերահաշվակենք այն, ապա ներկայումս դա համարժեք է շուրջ 300 մլրդ ԱՄՆ դոլարի։ Ընդ որում՝ պատճառված նյութական կորուստների չափերը ներկայացվել են Արեւմտյան Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության ու Կովկասի այլ հայաբնակ տարածքների մասով առանձին-առանձին։ Ըստ այդմ՝ Արեւմտահայաստանի մասով նյութական կորուստները կազմել են 14.6 մլրդ ֆրանկ, այդ թվում՝ գյուղաբնակների անհատական նյութական կորուստներ՝ 4.6 մլրդ ֆրանկ, քաղաքաբնակների անհատական նյութական կորուստներ՝ 3.2 մլրդ ֆրանկ, ոչ անհատական նյութական կորուստներ՝ 6.8 մլրդ: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության եւ Կովկասի այլ հայաբնակ տարածքներին, ապա վերջիններիս մասով նյութական կորուստը վերոհիշյալ փաստաթղթով գնահատվել է 4.5 մլրդ ֆրանկ, այդ թվում՝ այն բնակավայրերի բնակչության կորուստները, որոնց բնակչությունն ամբողջովին տեղահանվել է՝ մոտ 1.8 մլրդ ֆրանկ… Միաժամանակ պետք է նշել, որ վերը նշված ցուցանիշները չեն ներառում հայ ժողովրդի 1920, 1921 եւ 1922 թթ. (համապատասխանաբար՝ Արեւելյան Հայաստան, Կիլիկիա, Զմյուռնիա եւն) նյութական կորուստները:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

hhpress.am

Այս թեմայով
am