Ինչպես խուսափել հավելյալ ջրառից

Գաղտնիք չէ, որ աշխարհում քաղցրահամ ջրի պաշարներն աստիճանաբար նվազում են: Իսկ Սեւանա լիճը մեր քաղցրահամ ու թարմ ջրի շտեմարանն է:

Այսինքն՝ Սեւանա լիճը մեր երկրի համար միայն տնտեսական ու բնապահպանական նշանակություն չէ, որ ունի: Լինելով տարածաշրջանի քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուրը՝ ջրային այս շտեմարանը մեզ համար նաեւ գեոքաղաքական մեծ նշանակություն ունի: Լիճը բնատարածքային մի ամբողջական համալիր է, որ նաեւ կլիմայագոյացնող կարեւոր դերակատարում ունի թե՛ Հայաստանի Հանրապետության եւ թե՛ տարածաշրջանային առումով: Սեւանը բազմաթիվ խնդիրներ ունի, եւ դրանք պետք է լուծվեն համալիր։ Բայց մենք դրանք լուծել չենք կարողանա, եթե Սեւանի մակարդակը չբարձրացնենք։

Ի դեպ, լճի մակարդակն ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով եւ կազմել 1900.49 մ (24. 04. 22 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 23 սմ-ով։ Հիմա այս վիճակում ինչքանո՞վ էր ճիշտ Սեւանից 170 միլիոն խմ ջրառի թույլտվություն տալը։ «ՀՀ»-ն հարցն ուղղեց ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանին, ում գլխավորած հանձնաժողովում օրեր առաջ քննարկվել է կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սեւանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը: Այն հանձնաժողովի կարծիքին էր ներկայացրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն: Եվ հանձնաժողովը համաձայնություն էր տվել լճից մինչեւ 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին: Ի վերջո, տեղումները դարձյա՞լ չլցրեցին ջրամբարները, կրկի՞ն չկառավարվեցին ջրային հոսքերը, ինչի պատճառով նորից մնացինք Սեւանի հույսին։ «Մասնագետների ասելով՝ դեռ սպասվում է, որ կլցվեն (ջրամբարները,- Ա.Մ.)։

Բայց, իմ կարծիքով, զարմանալի է, որ մինչեւ հիմա ջրամբարները պակաս են լցված։ Սեւանա լիճն էլ ցածր է նախորդ տարվա նույն շրջանի դրությամբ։ Դրա համար դիմել ենք գործադիրի ղեկավարին, որ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվի, որը մոնիտորինգ կանցկացնի հոսքերի, կորուստների հարցով եւ գնահատումներ կանի»,-նշեց Բ. Գաբրիելյանը։ Ինչ վերաբերում է 170 մլն խմ ծավալին, ապա, ըստ մեր զրուցակցի, դա նախատեսված առավելագույն թույլատրելի քանակն է այս տարվա ջրառի։ «Այն քանակն է, որ թույլ կտա անվնաս, առանց լճի էկոհամակարգին վնաս հասցնելու ջրառ անել եւ օգտագործել։

Օդից վերցրած թիվ չէ։ Դա բազմամյա տվյալների հիմամբ է որոշվել»,-շեշտեց Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահը։ «Իսկ եթե հավելյալ ջրառի համար կառավարությունը դիմի, հանձնաժողովը թույլ կտա՞». «ՀՀ»-ի ճշտող հարցին ի պատասխան Բ. Գաբրիելյանը հայտնեց. «Պետք է հիմնավորում լինի։ Գիտե՞ք ինչ, փաստեր են բերում, որ իրավունք չունենք անտեսելու։ Դրա համար էլ ուզում ենք, որ նշածս հանձնաժողովը ստեղծվի, որ ստուգի, վերահսկի այդ փաստերը եւ երեւի առաջարկներ կներկայացնի, թե ինչպես խուսափել հավելյալ ջրառից։

Օրինակ՝ մենք բավականին մեծ կորուստներ ունենք ջրատարներում եւ այլն, որը կարելի է լուծել ոչ մեծ գումարի ներդրումով»։ Ի դեպ, հավելենք, որ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում քննարկվել են նաեւ «Արփա-Սեւան» թիվ 2 թունելի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների արդյունքները:

Եվ հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Թարվերդյանը նշել է, որ ուսումնասիրության ընթացքում «Արփա-Սեւան» ԲԲԸ կողմից հայտնաբերված է թունելի 29 վթարված հատված:

Արմենուհի Մելքոնյան 

Այս թեմայով
am