ՀՀԿ-ն այլեւս քաղաքական մեածամասնություն չէ երկրում, քաղաքական մեծամասնությունը բոլորովին այլ է

Meganews.am- ը ներքաղաքական զարգացումների, վարչապետի նշանակումների մասին զրուցեց   Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

«Մեր նախկին ավտորիտար  Կառավարությանը փոխարինած այս նոր ժամանակավոր Կառավարության նշանակումներին մոտենալը ստանդարտ նշանակումների մոտեցումով կլինի ոչ այնքան համարժեք, որովհետեւ կա կադրային ռեսուրսների սահմանափակում, որը պայմանավորված է նաեւ նախկին քաղաքական համակարգի դեռեւս գոյության պայմաններով: Հիմնական, կարեւոր, առանցքային նախարարների նշանակումերը տեղին են: Ամենակարեւորը այն է, որ, եթե որեւէ նախարար չապահովի, կամ չհամապատասխանի չափանիշներին, ապա, միանշանակ է, որ փոխելու հույսը կա, որը մենք չունեինք նախորդ Կառավարության ժամանակ, որովհետեւ նախորդ կառավարության օրոք հանրային կարծիքը ոչ մի նշանակություն չի ունեցել: Այս ամենը ներկայիս Կառավարության գործունեությանը որակավորումներ տալուց հաշվի պետք է առնենք»,- նշեց պարոն Սաքունցը:

Չմոռացավ նաեւ քննադատության մասին.

«Դա չի նշանակում, որ չպետք է քննադատենք ներկայիս Կառավարությանը: Քննադատելու ենք, եւ շատ ուշադիր հետեւելու ենք նրանց գործունեությանը»:

Հարցին՝ կարո՞ղ ենք համարել, որ այս փուլում հասարակությունը գերքաղաքականացված է, եւ հնարավո՞ր է այդ գերքաղաքականացված լինելը խանգարի Կառավարության գործունեությանը, պատասխանեց.

«Հասարակությունը գերքաղաքականացված չէ, հասարակությունը, իհարկե, հեղափոխական տրամադրությունների եւ դրանով պայմանավորված ակընկալիքների դաշտում է: Ի տարբերություն  այլ պետություններում նմանատիպ հեղափոխությունների՝ այստեղ մարդկանց մոտ քաղաքացիական գիտակցական հատկանիշը ավելի ակնառու է, ինչը շատ  կարեւոր հանգամանք է, որին ոչ ոք, չգիտես ինչու, ուշադրություն չի դարձնում: Հեղափոխություն է տեղի ունեցել առանց մեկ զոհի՝ ոչ բռնի եւ խաղաղ: Հիմա էմոցիոնալ պոռթկումներ կարող են լինել խոսքի մակարդակով, բայց գերակա սկզբունքները հիմնված են այդ արժեքների վրա: Շարժումը ապակուսակցական էր, բայց քաղաքական էր այն իմաստով, որ քաղաքական լուրջ հարցեր  լուծվեցին: Ի դեմս այս շարժման՝ ստեղծվել են նախադրյալներ ժողովրդավար պետություն ունենալու»:

Պարոն Սաքունցի խոսքով՝ իհարկե կան որոշակի հարցեր, բայց  այդ հարցերը հիմա չեն կարող պատասխաններ ստանալ.

«Առաջիկա Կառավարության ծրագրի հաստատումից հետո, երբ 2-3 ամիս կաշխատի կառավարությունը, այս ընթացքում մենք կունենանք հստակ փաստեր գնահատելու համար, եւ կկարողանանք գնահատել, թե ինչքանով է այս անցումային Կառավարությունը ապահովելու, կամ ձեւավորելու երաշխիքներ առաջիկա ազատ, արդար եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Մենք երկարաժամկետ խնդիրների լուծումներ չենք կարող այս Կառավարությունից ակընկալել»:

Պարոն Սաքունցը նկատում է՝ այն մեթոդները, որոնցով փորձ է արվում վերլուծել ստեղծված իրավիճակը, ստանդարտ մեթոդներ են.

«Դրանք որեւէ իրական նշանակություն չեն կարող ունենալ, քանի որ այս պահին մենք գտնվում ենք անցումային, ոչ ստանդարտ վիճակում»:  

Հետաքրքրվեցինք նաեւ՝ ՀՀԿ-ն ԱԺ- ում մեծամասնություն է, վտանգ կարելի՞ է սպասել այս փաստից.

«ՀՀԿ-ն այլեւս քաղաքական  մեածամասնություն չէ երկրում, քաղաքական մեծամասնությունը բոլորովին այլ է, եւ սա է որոշիչ լինելու առաջիկա ամիսներին՝ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Կարեւոր է ժողովրդի աջակցությունը, չմոռանանք Սահմանադրության 2-րդ հոդվածը, որ  իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հիմա այս իրավիճակում իշխանությունը ժողովրդի ձեռքին է եւ նա է որոշողը»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:

 

Անժելա Հարությունյան

Այս թեմայով
am