Որ քամու էներգիան քամուն չտանք

Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրում վերականգնվող էներգետիկայի հատվածի հիմնական շեշտադրումը արեւայինին է վերաբերում։ Թեեւ նշվում է, որ «ծրագրային ժամանակահատվածում հատուկ շեշտադրվելու է վերականգնվող էներգիայի արդիական աղբյուրների (արեւային, հողմային, գեոթերմալ) օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրության ընդլայնումը», միաժամանակ հավելում է արվում, որ հողմային էներգետիկայի հետագա զարգացման հեռանկարներն ու տեխնիկատնտեսական հիմնավորվածությունը գնահատելու նպատակով նախատեսվում է նախաձեռնել եւ իրականացնել քամու ներուժի ուսումնասիրություններ եւ գնահատում։

Ճիշտն ասած՝ մի քիչ ընկալելի չէ, թե ինչ ասել է ուսումնասիրություն եւ գնահատում հենց այս ոլորտի առումով։ Այո, կարող է գնահատվել, թե արդի գների պարագայում ինչ կարժենա հողմակայան կառուցելը, որի հաշվարկներն արված են 2-3 տարի առաջ, թե այս ընթացքում ինչ է թանկացել եւ ինչքան, շուկայում ինչ նոր սարքավորումներ են ի հայտ եկել։ Բայց ուսումնասիրել քամու ներուժը նորի՞ց։ Ինչքա՞ն կարելի է այդ նույն գործընթացը կրկնել, մեր լեռներում քամու պոտենցիա՞լն է փոխվել։ Այլ խնդիր է, որ կարելի է վերանայել հողմակայանի տիպը, ասենք՝ ավանդակա՞ն տեսակի հողմակայան ենք ուզում, թե՞ ռոտորային, հողմային ի՞նչ տուրբիններ ենք ուզում, կուտակիչների հարցը կարող ենք քննարկել ՕԳԳ-ի համապատկերում եւ այլն։

Ինչ վերաբերում է ներուժին։ Ամենատարբեր տարիների ուսումնասիրությունները հաստատել են՝ Հայաստանում հողմաէներգետիկ պաշարներ կան։

Դեռ 2003 թ. մշակվել են Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզները, ըստ որոնց՝ տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ եւ 1.26 մլրդ կվտժ էլէներգիայի տարեկան արտադրանքով: Առանձնացվել են հիմնական հեռանկարային տեղանքները` Սոթքի լեռնանցք, Բազումի լեռներ՝ Քարախաչի եւ Պուշկինի լեռնանցքներ, Ջաջուռի լեռնանցք, Գեղամա լեռների շրջան, Սեւանի լեռնանցք, Ապարանի շրջան, Սիսիանի եւ Գորիսի միջեւ գտնվող բարձունքային գոտի, Մեղրիի շրջան: Ընդամենը 2 տարի անց՝ 2005 թ. դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հայաստանում, ինչպես նաեւ Կովկասում առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը` 2.6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Հետո Եվրամիության ծրագրի շրջանակներում ավարտվեցին մոնիթորինգային աշխատանքները Սեւանի Սեմյոնովկա լեռնանցքում, եւ կազմվեց նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը 35 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար: Այնուհետեւ «Ar Energy» հայ-իտալական մասնավոր ընկերության կողմից իրականացվեցին  Շիրակի մարզի Քարախաչ լեռնանցքի տարածքի հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները` 140 Մվտ հզորությամբ հողմակայան կառուցելու նպատակով: Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի տարածքում ուսումնասիրություն արվեց` 20 Մվտ հզորությամբ հողմակայան կառուցելու նպատակով: «Ar Energy» եւ «Zod Wind» մասնավոր ՓԲԸ-ները բանակցություններ սկսեցին տարբեր կազմակերպությունների հետ «Քարախաչ 1» եւ «Զոդ» հողմաէլեկտրակայանների կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 2017 թ. մարտի 31-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ու «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում հողմային էլեկտրակայանների կառուցման ծրագրի մասին:  Վերոհիշյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսվում էր ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցում: 2017 թ. դեկտեմբերին ընկերությունն սկսել էր քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացումը: Տեղադրվել են 80 մետր բարձրությամբ քամու ներուժի մոնիթորինգային երկու կայաններ եւ մեկ «Sodar» համակարգ: ՀՀ կառավարության 2017 թ. մարտի 30-ի համապատասխան որոշմամբ հավանություն էր տրվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասերն առանց մրցույթի՝ վարձակալությամբ «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը տրամադրելու հայտին: Արաբական Միացյալ Էմիրությունների «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը նախատեսում էր ՀՀ-ում կառուցել մինչեւ 150 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայաններ։

2018 թ., դարձյալ պաշտոնական տեղեկության համաձայն, նշված երկու ընկերությունները շարունակել են քամու ներուժի գնահատման աշխատանքները: «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերությունն էլ լիազոր մարմնին էր ներկայացրել նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը, պատրաստակամություն էր հայտնել մեծածավալ ներդրումներ անել Հայաստանում։

Ինչեւէ, եթե հակիրճ եւ ընդհանուր գծերով ներկայացնենք 2003-ից ցայսօր հողմաէներգետիկ ոլորտը, սա է պատկերը։ Պետք է ասել, որ մանրակրկիտ ուսումնասիրություններ կան արված։ Թեկուզ հենց Սեմյոնովկայի օրինակը մեջբերենք։ Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայանից հետո Սեմյոնովկայի լեռնանցքում սկսվեց ուսումնասիրությունը։ Այստեղ մի ամբողջ տարի միայն հողմամոնիտորինգ արվեց (2006 թ. հուլիսից 2007 թ. հուլիսը), 40 մ բարձրությամբ հողմաէներգետիկ մոնիթորինգի համալիրը տեղակայվեց հարթակում, եւ Սեմյոնովկա լեռնանցքի տարածքում, հեռուստաաշտարակից ոչ հեռու (Սեւանա լճի հյուսիսային ափ) սկսվեցին հողմահոսանքի արագության եւ ուղղության (2 տարբեր բարձրություններ), շրջակա    միջավայրի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման եւ խոնավության չափումները:  Հողմաէլեկտրակայանի նախագծի ուսումասիրություններն իրականացվեցին՝ օգտվելով 2 համակարգչային ծրագրերից՝ « WindPro» եւ «RETScreen»։ Հողմակայանի համար անհրաժեշտ սարքավորումները Հայաստան տեղափոխելու հարցը նույնիսկ քննարկվեց։ Եվ այս տարիների ընթացքում փոխվել են տարբեր ծրագրերի ներդրումային չափերը, այս կամ այն տեղանքի ավելի նպատակահարմարությունը, բայց ոչ երկրի քամու ներուժը։ Ինչո՞ւ չի զարգանում ոլորտը. հարցի պատասխանները տարբեր են, բայց հաստատ այն չենք կարող կապել քամու ներուժի կամ հողմակայանի կառուցման թանկությամբ պայմանավորված գործոնների հետ։ Որովհետեւ ինչպես եւ արեւայինի դեպքում է, հողմայինի դեպքում էլ շուկան օրեցօր փոխվում է, մասսայական շինարարությունը նվազեցնում է հողմակայանների ինքնարժեքը։ Արեւայինի պարագայում մեր երկրում քիչ թե շատ շարժ կա, ինչը չենք ասի հողմայինի դեպքում։ Նոր արտադրական հզորությունները նվազագույն ծախսերով զարգացնելու տարբերա՞կ ենք փնտրում, շատ լավ, եւ այդ տարբերակները կան, շուկան տալիս է։ Ավելին՝ կան արդեն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս էլէներգիա արտադրել նաեւ քամու ցածր պոտենցիալի ժամանակ։  ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում (մինչեւ 2040 թ.) երբ խոսվում է վերականգնվող էնեգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումից, արեւային կայանների կառուցումն է դարձյալ շեշտադրվում՝ «նկատի ունենալով առկա տեղական ռեսուրսները եւ այս տեխնոլոգիայի զարգացման միտումները ողջ աշխարհում»։ Արեւային շեշտադրումը ճիշտ է, բայց ավելի լավ կլինի չանտեսել նաեւ հողմայինը։ Նույն այդ աշխարհում վերջինիս զարգացման միտումները տեսնելով՝ քամու մեր ներուժը քամուն չտալու նկատառումով։ 

Արմենուհի Մելքոնյան

Այս թեմայով
am