Մեր հարազատ բուհում ցինիզմը հասել է գագաթնակետին. թալանված է բուհի բյուջեն

Շիրակի պետական համալսարանի պրոռեկտոր  Անահիտ Ֆարմանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մեր հարազատ բուհում ցինիզմը հասել է գագաթնակետին. թալանված է բուհի բյուջեն, հիմնովին ձախողված է բուհի ռազմավարական զարգացումը, բուհի դասախոսներն ու ուսանողները ռեկտորի կողմից դիտվում են ոչ թե որպես արժանապատիվ գործընկերներ, այլ՝ իբրև հպատակներ: Բուհից հեռացել և հեռանում են լավագույն մասնագետները, ովքեր մեծ ներդրում ունեն մեր բուհի կայացման և զարգացման գործում: Անհնար է բառերով արտահայտել մեզանից յուրաքանչյուրի ներքին զգացումը, երբ բուհի ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձը գրքերի մասին խոսելիս օգտագործում է «տոննա» բառը: 
Սիրելի գործընկեր, դասախոսներ և ուսանողներ, մեր համալսարանի ավագ դպրոցի և քոլեջի աշխատակիցներ, Ձեզանից ցանկացած մեկը Խորիկյան է, Համբարյան է, Ֆարմանյան է: Բուհից բազմաթիվ մասնագետներ և աշխատակիցներ հեռացել են իրենց «դիմումի» համաձայն, բուհը դարձել է բիզնես և ժամանցային կենտրոն՝ հազարավոր մղոններ հեռու թողնելով կրթական և գիտական ամբիզիոզ կառույց լինելուց՝ սպանելով ցանկացած ստեղծարար նախաձեռնություն ու հեռանկար: 
Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, ծնողներ, Շիրակի մարզի բնակիչներ, համալսարանը ձերն է, ձեր երեխաներինը և ձեր թոռնիկներինը, համալսարանը իմն է, աշխատանքից հեռացված իմ գործընկերներինը, այս պահին համալսարանում աշխատող բոլոր դասախոսներինը, որոնցից ամեն մեկը մեծ լումա ունի ներդրած մեր մայր բուհի զարգացման գործում: Համախմբվում և պահանջում ենք Սահակ Մինասյանի անհապաղ հրաժարականը: Ի վերջո, 30 տարին բավարար է մարզի գիտակրթական կյանքը թունավորելու ու անպատիժ մնալու համար: Վստահ եմ, որ Սահակ Մինասյանի անխուսափելի հեռացումից հետո մեր բուհում սերն ու համերաշխությունը արագ կվերագտնեն իրենց, մենք բոլորս կրկին կժպտանք միմյանց: 
Հ.Գ. Սիրելի դասախոսներ և ուսանողներ, դուք լավ գիտեք, որ ի հեճուկս Սահակ Մինասյանի կողմից տարածվող լուրերի, ես երբեք ցանկություն չեմ ունեցել կրելու ռեկտորի պատասխանատվությունը, փոխարենը, ինչպես ես և դուք բոլորդ, ցանկություն եմ ունեցել և այսօր էլ ունեմ լինել արժանապատիվ մասնակիցը մեր մեծ ընտանիքի՝ մեր մայր բուհի առաջընթացի:
Ինչպես գիտեք, ես միշտ հրապարակայնորեն արտահայտել եմ իմ կարծիքը բուհում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ: Վստահ եղեք, որ ես ևս կլինեմ ձեր շարքերում, մասնակիցը ձեր արդար ու արժանապատիվ պահանջի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Ֆարմանյանի քրոջը` Անահիտ Ֆարմանյանին ազատել են պրոռեկտորի պաշտոնից:

Այս թեմայով
am