Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը՝ համայնքում կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին

MegaNews.am-ի զրուցակիցը մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է։

-Պարո՛ն Մկրտչյան, Ձեր աշխատանքաին գործունեության ընթացքում ի՞նչն եք համարում ձեռքբերում և ի՞նչը՝ թերացոււմ:

- Թերացումների մասով պետք է ասել՝ դեռ շատ անելիքներ կան, բայց միաժամանակ պետք է ընդգծեմ՝ այն աշխատանքները, որոնք այս տարիների ընթացքում կատարվել են, մեծ ձեռքբերումներ են, և դա ոչ թե Ռազմիկ Մկրտչյանի ձեռքբերումն է, այլ համայնքի։ Սա ամբողջ թիմի և վարչական շրջանի ձեռքբերումն է։

Տարիներ շարունակ քիչ հավաքագրվող գումարներ, քիչ կատարվող աշխատանքներ․․․ Այս ամենը չեն նշում՝ միտված լինելով նախկիններին փնովելու, պարզապես ասում եմ այն, ինչն իրապես կատարվել է։ Մեր կատարած աշխատանքի գնահատականը պիտի ժողովուրդը տա, և կարծում եմ՝ տալիս է այս գնահատականը։

- Անկասկած, ձմռան մասին խոսելիս հարկավոր է հաշվի առնել տվյալ եղանակի առանձնահատկությունները․ որքանո՞վ է համայնքը պատրաստված դիմակայելու ձյանը և սառուցին:

- Երևի չեմ կարող հիշել մի տարի, երբ ձնամաքրման աշխատանքները վատ են իրականացվել։ Իհարկե, մասնակի թերացումներ կան, որոնց մասին մենք ևս նշում ենք, և կան պարտականություններ՝ տնտեսվարողների կողմից, որոնք կարելի է ասել՝ չեն իրականացվում։ Խոսքն ավագանու «48 N» որոշման մասին է, որով հստակ ամրագրված է՝ տնտեսվարողները տվյալ կառույցից մինչև եզրաքար ընկած հատվածը պետք է մաքուր պահեն և մաքրեն ձյունը։

Ցավոք, այդ աշխատանքները գումարվում են մեր կողմից կատարվելիք աշխատանքներին․ դա իմ նշած խնդիրներից է։ Այսինքն՝ տեղային փոքրիկ խնդիրների մասին է խոսքը, իսկ գլոբալ առումով՝ կարելի է ասել՝ տեխնիկայով զինված, պատրաստ սպասում ենք ձյանը․ վստահեցնում եմ՝ խնդիր չի լինելու։

Հին մեխանիզմներով ձնամաքրման աշխատանքի իրականացում, ինչպես նախկինում էր՝ մեքենայի թափքի վրա կանգնած՝ աշխատանքներ իրականացնող, աղ ու ավազ լցնող աշխատողներ մեր քաղաքացիներն արդեն իսկ չեն տեսնում․ մենք ունենք անհրաժեշտ տեխնիկաներ, և ձյան մաքրման աշխատանքներն իրականացվում են ժամանակակից մեթոդներով։

- Աղբահանության հարցը միշտ արդիական է․ այս տարի, սակայն, տեղի ունեցան էական փոփոխություններ բազմաբնակարանային շենքերի աղբահանության կարգում: Ինչո՞ւ դա արվեց և արդյո՞ք այն արդյունավետ է։

- Բնակչությանը հուզող էական հարցերից մեկն էլ համատիրությունների խնդիրն է․ ստացվում է՝ նույն վարչական շրջանում հարցերի մի մասով զբաղվում է համայնքը, մյուս մասը՝ համատիրությունները, ու դա բնակիչների շրջանում ստեղծում է շփոթմունք և կասկածներ, ուստի, եկե՛ք տարանջատենք, թե ո՞րն ու՞մ լիազորությունների տիրույթում է ու արդյո՞ք Դուք անձամբ գոհ եք մեր համատիրությունների աշխատանքից:

- Համատիրությունները չեն ենթարկվում վարչական շրջանի ղեկավարին։ Թյուրընկալում կա, թե վարչական շրջանի ղեկավարն է նշանակում համատիրության նախագահին․ դա, իհարկե, այդպես չէ։ Մենք համագործակցում ենք համատիրության հետ, բայց պետք է շեշտեղ՝ համատիրությունների մասին օրենք կա․ մեր բնակչությանը թեև պարբերաբար իրազեկում ենք, բայց կցանկանայի ևս մեկ անգամ նշել՝ համատիրությունը ձևավորվում է բազմաբնակարան շենքի սեփականատերերի ժողովի արդյունքում։

Այսինքն՝ ժողով է հրավիրվում, և համատիրությունը սեփականատերերի կողմից ընտրված մարմին է համարվում։ Մենք բավականին մեծ աջակցություն ենք տրամադրում համատիրությամբ՝ սուբսիդիայի տեսքով, որպեսզի աշխատանքներ իրականացվեն։ Բացի այդ՝ մենք իրականացնում ենք մուտքերի, տանիքների, նկուղների վերանորոգան և նմանատիպ այլ աշխատանքներ։ Դռների ու պատուհանների տեղադրման հետ կապված ևս բավական մեծ աջակցություն ենք տրամադրել։

Այս հարցում ժողովրդի դժգոհությունն ամենևին տեղին չի լինի, քանի որ վերը թվարկվածը ոչ թե համայնքի պարտականություն է, այլ բարի կամքի դրսևորումը․ սա պետք է նշվի։ Համատիրությանը վճարում են գումար, իսկ այդ գումարը համատիրությունը մեզ չի տալիս։ Համատիրությունն այս գումարը պետք է ծախսի բազմաբնակարան շենքների պահպաման, մուտքի վերանորոգման, տանիքի վերանորոգման ու նման խնդիրների լուծման համար։

Այսինքն՝ այդ գումարը բարեկարգման ու վերանորոգման աշխատանքների համար է, ոչ թե միայն աշխատավարձեր ստանալու համար։ Եթե բնակիչը կարող է համատիրությունից լսել, թե «գումար չկա», ապա բնակիչը պիտի հարցնի՝ իսկ գումար կա՞ արդյոք աշխատավարձերի համար։ Եղե՞լ է մի ամիս, որ աշխատավարձ չեք ստացել․ ես վստահեցնում եմ՝ բոլորն էլ ստացել են։ Աշխատավարձ տալու համար կա գումար, իսկ գործ անելու համար՝ ոչ․ սա անհիմն պատասխան է։ Բնակիչները պիտի իրենց համատիրություններից պահանջեն, որ նրանք կատարեն աշխատանքներ և յուրաքանչյուր ամսվա վերջում ներկայացնեն հաշվետվություն․ դա պարտադիր պիտի իրականացվի։

Չեմ կարող չնշել, որ կան համատիրություններ, որոնց հետ համագործակցում ենք․ նրանք մեծ աշխատանք են իրականացնում։

Մենք, տեսնելով, որ համատիրության նախագահը սրտացավ է ու ամեն ինչ անում է, որպեսզի շենքի խնդիրները վերացնի, փուրձում ենք աջակցել։ Բայց, այն համատիրությունները, որոնք ոչինչ չեն անում, նրանց աջակցելն ուղղակի հնարավոր չէ։

 

- Շենգավիթ վարչական շրջանը հարուստ է բազմաբնակարան բարձրահարկ շենքերով, որտեղ վերելակների անվտանգության խնդիրներ կան։ Ո՞ր փուլում են գտնվում այս խնդիրների հաղթահարման աշխատանքները։

- Այդ աշխատանքները ևս կապված է համատիրության հետ։ Համատիրությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ անվտանգ վերելակ ունենալու համար։ Վերելակը բազմաբնակարան շենքի բաժնային սեփականություն է, այսինքն՝ սեփականատերերի բաժնային սեփականությունը, հետևաբար՝ բնակիչները պետք է պահպանեն այն՝ իրենց կողմից հավաքագրված գումարների միջոցով։

Բայց, քանի որ մեր նախընտրական խոստումներում անդրադարձել էինք նաև վերելակների վերանորոգման ու ամբողջովին փոփոխելու հարցին, պետք է շեշտել՝ այս տարիների ընթացքում բավականին վերելակներ նորոգվել են։

Մեծ քանակությամբ վերելակներ էլ փոխարինվել են նորով։ Յուրաքանչյուր տարի նոր վերելակներ ենք տեղադրում, ու դա արվում է ոչ թե կամայական, այլ հաշվի է առնվում այն փաստը, թե ո՞ր վերելակներն են առավել վատ վիճակում գտնվում․ հենց այդ վերելակներն են առաջնահերթ փոխարինվում նորով։

- Բարեբախտաբար, վարչական շրջանում էական են փոփոխությունները լուսավորության և մայթերի բարեկարգման առումով, արդյո՞ք դրանք շարունակվելու են, և ի՞նչ պարտականություններ ունեն տնտեվարողները իրենց մուտքի տարածքի պահպանման բարեկարգման առումով:

- Ինչպես արդեն նշեցի, տնտեսվարողներն իրենց տարածքի դիմաց՝ եթե չեմ սխալվում՝ ոչ ավելի, քան 5 մետր և մինչև եզրաքար ընկնող հատվածը պետք է բարեկարգեն և մաքրությունը պահպանեն, բայց դա, ցավոք, պատշաճ մակարդակով չի իրականացվում։ Նաև մեր բնակչությունն է կեղտոտում միջավայրը։

Պարտականությունների ու իրավունքների մասին խոսելով՝ պետք է ասել՝ այո՛, մենք պետք է իրականացնենք մաքրման աշխատանքներ, բայց երևանցիներն էլ պետք է պատասխանատվության զգացում ունենան և մաքուր պահեն շրջակա միջավայրը։ Քաղաքը բոլորինս է, պետք է սիրենք մեր քաղաքը։ Մեր խնդրանք ու պահանջն է, որ բնակիչները մաքուր պահեն մեր քաղաը։

- Ի զարմանս լրագրողների՝ համայնքի բնակչությունը հիմնականում գոհ է Ձեր աշխատանքից, առավել ևս, որ իրականացնում եք բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ամառային ճամբարներ։ Ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվում, որքա՞ն շարունակական կարող են լինել այդ ծրագրերը և տոնական ի՞նչ ծրագրեր կան բնակչության համար Ամանորի տոնակատարության շրջանակում:

- Յուրաքանչյուր տարի երեխաներին տանում ենք ճամբար․ խոսքը սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքների երեխաների մասին է։

Այս տարի բոլորիս հայտնի հանգամանքների բերումով խախտվեց այդ սկզբունքը․ առաջնահերթություն տրվեց զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամներին։ Այս տարի ևս այդ ծրագիրն իրականացվեց, երեխաները ճամբարներ այցելեցին։

Իսկ ինչ վերաբերում է Ամանորի միջոցառումներին, պետք է նշեմ՝ անցած տարի ծրագրեր չիրականացրինք, իսկ այս տարի կիրականացնենք Ամանորի ծրագիր՝ փոքր մասշտաբով․ լուսավորությունը և մնացածը արվելու է համեստ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տրամադրությունը չկա։ Բայց, ամեն դեպքում, երեխաներին պիտի ընձեռենք հնարավորություն, որ նրանք շարունակեն հեքիաթային պատկերացումներ ունենալ Ձմեր պապի ու Ամանորի վերաբերյալ։

Մենք միայն Գարեգին Նժդեհի հրապարակը կլուսավորենք, կզարդարենք ու տոնածառ կտեղադրենք, բայց համեմատաբար ավելի համեստ, քան եղել է նախորդ տարիներին։ Կլինեն նաև Ամանորի ծրագրեր ու ներկայացումներ՝ վերոնշյալ չափորոշիչներով առաջնորդվելով՝ զոհված ու հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքի անդամներին առաջնահերթություն կտրվի, ի իհարկե, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի անդամ երեխաներին անվճար տոմսեր կտրամադրվեն։

- Խոսենք նաև բյուջեի կատարողականի մասին, բնակիչներից հավաքագրվելիք գումարների մասին։ Գո՞հ եք այն աշխատանքներից, որոնք կատարվել են։

- Բավական մեծ աշխատանք է կատարվում։ Անգամ ոչ աշխատանքային օրերին մեր աշխատակիցները աշխատում են, որպեսզի մեր բնակիչները կարողանան գալ ու վճարումներ կատարել։ Մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ աշխատող մարդիկ աշխատանքային ժամերին չեն կարողանում գալ ու վճարումներ կատարել։ Մեզ համար յուրաքանչյուր տարի ավելի բարձր նշաձող ենք սահմանում, որպեսզի է՛լ ավելի մեծ աշխատանքներ փորձենք իրականացնել։

Բնականաբար, այդ հավաքագրված գումարներով աշխատանքներ են իրականացվում։ Չենք կարող չնշել , որ էականորեն փոփոխվել է․ 2018 թվականի հետ եթե համեմատական անցկացնեմ, պետք է նշել՝ մոտ 500 միլիոն դրամի շրջանակում հավաքագրվող գումարը մեծացել է։ այն գումարները, որոնք նախկինում չեն հավաքագրվել, այժմ հավաքագրվում են․ այդ գումարները աշխատանքի տեսքով վերադարձնելու ենք մեր բնակիչներին։ Ակնհայտ են այն աշխատանքները, որոնք արդեն իսկ իրականացվել են՝ լուսավորություն, շենքերի լուսավորություն․․․

Մենք կենտրոնական փողոցներից ենք սկսվել, բայց մյուս շենքներում ևս աշխատանքներ են իրականացվելու։ Պատմամշաութային շենքներն ու կոթողները ևս մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ դրանք առանձնահատուկ ներկայացնելու անհրաժեշտություն կա։

Չեմ ուզում փնովել, բայց պիտի ասեմ՝ այն քաղաքը, որը նախկինում ունեինք, մռայլ էր, իսկ այն, որը ստեղծում ենք ու ստեղծելու ենք, լուսավոր է, տրամադրություն բարձրացնող։

- Ի՞նչ նոր նախաձեռնություններ կլինեն հանուն Շենգավիթ վարչական շրջանի բնակչության բարօրության և տարեվերջին ի՞նչ ուղերձով կցանկանաք հանդես գալ:

- Հաջորդ տարի շարունակելու ենք այս տարվա աշխատանքները։ Նոր աշխատանքներ ենք իրականացնելու։ Մեզ համար բարձր նշաձող ենք սահմանել։

2022-2023 թվականներին հնարավորություն կունենանք նոր Խարբերդ թաղամասում գազամատակարարման աշխատանքներ իրականացնել, ավարտին կհասցնենք Ներքին Չարբախի կոյուղագծի կառուցման աշխատանքը։ Ես նշում են խնդիրներ, որոնք տարիներ շարունակ ծառացած էին ու օր առաջ լուծման կարիք ունեին։ Խարբերդ թաղամասի ջրամատակարարման խնդիրը ևս, հուսամ, կկարգավորվի։

Մենք մեր առաջ խնդիր ենք դրել․ նոր ջրամատակարարման համակարգ ստեղծել։ Շնորհիվ Սուրեն Պապիկյանի, Երևանի քաղաքապետարանի ու «Վեոլիա ջուր» ընկերության՝ հուսամ՝ կունենանք ջրամատակարարման նոր համակարգ, և բնակիչներն այլևս հարկադրված չեն լինի այլ տեղերից ջուր տանել իրենց տուն։

Մենք, վստահաբար, կլուծենք այս խնդիրները։ Ամանորին ընդառաջ՝ մաղթանքս է, որ մեր բնակիչներն իրար շատ սիրեն, առողջ ու համախմբված լինեն։ Մեր երկրի առջև ծառացած խնդիրները հնարավոր է լուծել միայն համախմբվելով։

Պառակտվածությունը, ներքին վեճերը է՛լ ավելի կբարդացնեն վիճակը։ Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է ինչ-որ խնդիր լուծենք։ Բոլոր խնդիրների լուծման բանաձևը միասնականությունն է։ Եվ թ՛ող մեր քաղաքացիները ոչ թե բառերով, այլ իրենց գործով ու վերաբերմունքով սիրեն մեր պետությունը, քաղաքը, համայնքը․․․․

Շենգավիթցիներին կհորդորեմ շատ սիրել մեր համայնքը։ Շենգավիթի մասին քիչ է խոսվում, բայց մեր համայնքում կան հնավայրեր, որոնք 6 հազար տարվա պատմություն ունեցող Շենգավիթ հնավայր ունենք, 70 հազար տարվա պատմություն ունեցող քարանձավներ կան․․․

Մենք պատմություն ունեցող ու լավ մշակույթ ձևավորած ժողովուրդ ենք․ բոլորս պիտի հիշենք այս մասին, սիրենք, պահպանենք ու զարգացենք մեր պետությունը։

Возможно, это изображение (на открытом воздухе)

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

Возможно, это изображение (ребенок, занимается спортом, стоит и на открытом воздухе)Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)

Нет описания фото.

Нет описания фото.Возможно, это изображение (природа, дерево и дорога)

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (пожарная лестница и на открытом воздухе)

Возможно, это изображение (в помещении)

 

Զրույցը վարեց` Մ.Դավթյանը

Նյութը պատրաստեց`Հ.Սարգսյանը

 

Այս թեմայով
am