Թուրքական լիրայի անկումը՝ տարածաշրջանային վտանգ․ Հայաստանը պետք է զգուշանա

Թուրքական լիրան անցած մեկ օրում արժեզրկվել է ավելի քան տասը տոկոսով և հասել ռեկորդային ցածր ցուցանիշի՝ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարություններից հետո։ Երեկ երկրի ղեկավարը կրկին աջակցություն էր հայտնել Կենտրոնական բանկի քաղաքականությանն ու պնդել, թե կհաղթի պատերազմում, որ մղվում է հանուն «տնտեսական անկախության»։ Հազարավոր մարդիկ Անկարայում և այլ քաղաքներում փողոց են դուրս եկել՝ թուրքական արժույթի կտրուկ անկման և գների շարունակական բարձրացման դեմ։ Թուրքական աղբյուրներում տարածվող տեսանյութերում երևում է՝ ինչպես են ցուցարարներն անցնում մայրաքաղաքի կենտրոնական հատվածներով՝ պահանջելով Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հրաժարականը։

Գների կտրուկ աճի և լիրայի ռեկորդային անկման ֆոնին՝ անցած շաբաթ, Թուրքիայի ընդդիմությունը հարց էր բարձրացրել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Ընդ որում, Էրդողանի դեմ ակցիաներին ակտիվորեն մասնակցում են թե՛ գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, թե՛ Էրդողանի նախկին զինակիցները՝ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ։ Ինքը՝ Էրդողանը կտրականապես բացառել է արտահերթ ընտրությունների գնալու հնարավորությունը։

Մի քանի քաղաքներ էլ երեկ երեկոյան բանակային ստորաբաժանումներ են մտցվել, բախումներ են եղել իշխանության կողմնակիցների և հակառակորդների միջև։ Թուրքիայում ծայր առած խժդժությունները, նշենք՝ լրջագույն վտանգ են պարունակում Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար։ Էրդողանի հեռանալու դեպքում իշխանության կարող են գալ շատ ավելի ծայրահեղականորեն տրամադրված ուժեր, որոնց պարագայում հնարավոր չէ կանխատեսումներ անել։

Ահմեդ Դավութօղլուն, օրինակ, «Նեոօսմանիզմի» գաղափարախոսության հայրն է, դեռ 2001թ․ հրապարակած իր գրքում շարադրել է Թուրքիայի՝ համաշխարհային գերտերություն դառնալու հնարավորությունները՝ Արևմուտքից տարանջատվելու և ռազմական պոտենցյալը ավելացնելու հետևանքով։ Նման գործիչների՝ իշխանության գալը չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար։ Իհարկե, մեր պետությունը որևէ հնարավորություն չունի միջամտել կամ իր ազդեցութունն ունենալ հարևան երկրի վրա։ Սակայն և չպետք է շատ ուրախանալ Թուրքիայում անկայունության դրսևորումներով։

Այս թեմայով
am