ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցողներին տրամադրվող բուժծառայությունների արժեքը հանրապետության տարբեր կենտրոններում աճում են կամ դառնում անհնարին. Անահիտ Հարությունյան

- Ո՞րն է Հայաստանի համար մեկ խնդիրը հիմա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով:

- Հայաստանի և մի շարք այլ երկրների հիմնախնդիրը այն է, որ հիմնական դրամաշնորհատու Գլոբալ հիմնադրամը աստիճանաբար դուրս է գալիս ֆինանսական մատակարարի դերակատարությունից: Դա նշանակում է, որ ազգային ծրագրերի մաս կազմող կանխարգելիչ ծառայությունները վտանգված են: Իսկ առանց կանխարգելման, մեր գործողությունները ապարդյուն կլինեն: Իհարկե, վտանգված են նաև Հայաստանի ձեռքբերումները, թեև կառավարությունը խոստացել է աջակցություն, բայց դա դեռևս միայն խոստում է, իսկ մեր երկրի տնտեսությունը ամենևին լավ վիճակում չէ: Հայաստանում դեռևս վերահսկվում է համաճարակը բոլոր խոցելի խմբերում: Մեր կազմակերպությունը («ԴՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑ» ՍՈՑ ՀԿ) տրամադրում է խնամք և աջակցություն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց: Ասեմ, որ այսօր Հայաստանում ՄԻԱՎ վարակի բուժումը հասանելի է, ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդիկ ՀՌՎ բուժումը ստանում են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետաան կենտրոնից Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ, որը ըստ նախնական պայմանավորվածության, կշարունակի ապահովել պետությունը:

Այս բոլոր փոփոխությունները պետք է աստիճանաբար ու անցնցում արվի, բայց թե գործնականում ինչպես, դեռևս պարզ չէ: Իսկ կանխարգելման հարցը օդում է, քանի որ կրկին բախվում ենք ծախսերի անհրաժեշտության հետ: Բայց մյուս կողմից, մենք ունենք շատ լավ ազգային ծրագիր, որը գործնականում մասամբ լավ չի գործում: Օրինակ, ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած որոշակի հիվանդությունների բուժումը ևս անվճար է հիվանդի համար, բայց մենք գնում ենք հիվանդանոց ու բժիշկները կարգավիճակն իմանալուն պես ասում են, թե դա ՄԻԱՎ-ի հետ կապված չի ու այստեղից սկսվում են անհարկի վազվզոցները հիվանդանոցից-հիվանդանոց, տհաճությունները, վիրավորանքները, դժգոհությունները և այլն: Ստացվում է՝ պետք է բժիշկի մակարդակով գիտելիքներ ունենաս, որ տեղում ապացուցես, որ տվյալ հիվանդությունը մարդու մոտ պայմանավորված է ՄԻԱՎ վարակով, իսկ դա ինչպես հասկանում եք հնարավոր չէ, քանի որ սոցիալական աշխատողը կամ հավասարը հավասարին խորհրդատուն չի կարող տիրապետել բոլոր այդ մասնագիտական հարցերին: Մեր բուժհաստատություններն էլ օգտվում են այդ հանգամանքից, նույնիսկ ծննդօգնության կազմակերպման պարագայում, պատտճառաբանելով թե ձեզ վճարովի առանձին հիվանդասենյակ է հարկավոր, որ մյուսներն անվտանգ մնան: Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ սա գրագետ բուժաշատողի խոսքեր չեն կարող լինել, մինչդեռ այդպիսիք աշխատում են ամենուրեք, այլ խոսում եմ այն մասին, որ այս մանր թվացող խնդիրները անհատի համար էական են ժամանակի, գրագետ ու անվճար բուժօգնություն ստանալու առումով: Այսինքն խարանը կա ու նույնիսկ, բժշկական միջավայրում:

Այո, իրականում և բժիշկի և հիվանդի շահերից է բխում իսկզբանե տեղեկացնել բժշկին ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին, բայց հիմնականում դրան ըմբռնումով ոչ ոք չի մոտենում: Այդ դժվարություններից խուսափելու համար շատերը նույնիսկ, հնարավորության դեպքում համաձայնվում են անհիմն, բազմակի անգամ աճող բուժծառայությունների գներին, միայն թե արագ իրենց օգնեն: Մինչդեռ, բժիշկը նման բան առաջարկում է իհարկե, հույս դնելով, որ հիվանդը կհրաժարվի: Իհարկե, մենք ունենք հոյակապ բժիշկներ, բայց այս երևույթները ևս կան: Անշուշտ, ամեն նման դեպքից հետո անվանական բժիշկների դեմ բողոքներ չենք ներկայացնում, բայց դա մեր հանդուրժողականության արդյունքում է, ոչ թե իրենց: Մի խոսքով չի կարելի ոտնահարել ՄԻԱՎ դրական մարդկանց արժանապատվությունը, չէ որ նրանց տեղում յուրաքանչյուր պահին կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԵՑ  ՄԱՐԳԱՐԻՏ ԴԱՎԹՅԱՆԸ

 

Այս թեմայով
am