Արձակուրդները երկարացնելուն զուգահեռ պետք է սահմանափակումներ լինեն նաև ժամանցի կենտրոններում

Դպրոցական աշնանային արձակուրդները երկարացրել են, բուհերում էլ անցել են հեռավար ուսուցման։ Այս թեմայով զրուցել ենք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ Մարի Դարակչյանի հետ։

Անդրադառնալով արձակուրդների երկարելուն` մասնագետը ասաց․ «Ճիշտ եմ համարում դպրոցական արձակուրդը երկարաձգելը, բուհերում կրթությունը հեռավար կազմակերպելը: Հիվանդացության աճի տեմպերը ցույց են տալիս, որ կանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են, հետևաբար նման որոշումը արդարացված է։ Սակայն դրան զուգահեռ, պետք է սահմանափակումներ լինեն նաև ժամանցի կենտրոններում, որտեղ մարդկանց հոսքն ու կուտակումները շատ են: Ես, իհարկե, իրավասություններ չունեմ և որոշում կայացնող չեմ, բայց որպես մասնագետ կարող եմ ասել, որ կանխարգելիչ համալիր միջոցառումներ են անհրաժեշտ, իսկ դա ենթադրում է ժամանցի կենտրոններում, մարդաշատ վայրերում սահմանափակումներ կիրառել»։

Մերի Դարակչյանի խոսքով՝ պատվաստումների ծածկույթն ավելացնելու դեպքում միայն կարող են թուլացնել սահմանափակումները: «Ճիշտ է, պատվաստումից հետո երկար ժամանակ է պահանջվում քովիդի դեմ ամբողջական պաշտպանություն ունենալու համար, բայց, միևնույն է, այդ ժամանակամիջոցում պետք է կիրառել կանխարգելիչ միջոցառումներ, ինչի մեջ մտնում է դիմակներ կրելը տրանսպորտում, ժամանցի վայրերում, փակ, մարդաշատ տարածքներում: Ամեն ինչ շատ պարզ է՝ կանխարգելումը պետք է լինի երկու ուղղությամբ՝ պատվաստումներ ու սանիտարահամաճարակային կանոնների պահպանություն: Դրա արդյունքում է միայն հնարավոր թեթևացնել հիվանդանոցները, որպեսզի քովիդ հիվանդները մաքսիմալ սպասարկվեն»։

Այս թեմայով
am