Դավիթ Տոնոյանի մեղքը չեն կարողանում ապացուցել․ նրան լրիվ մեկուսացրել են

Նիկոլ Փաշինյանի խամաճիկ ուժայինները գրեթե մեկ ամիս է՝ չեն կարողանում ապացուցել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մեղքը, սակայն բոլոր միջոցներով մեկուսացրել են նրան։ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանի խոսքով, նախկին նախարարի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելք է դրվել, սահմանափակումները տարածվում են նաև Տոնոյանի մերձավոր ազգականների վրա, սակայն սահմանափակումները վերացնելու պահանջ պաշտպանության կողմը չի բարձրացրել։

«Պարոն Տոնոյանը չի ցանկանում։ Որպեսզի չմեկնաբանեն, որ ինքը որևէ կերպ փորձում է խոչընդոտել կամ ինչ-որ մեկի միջոցով կարող է խոչընդոտել, մեզ հորդորել է, որ նշված որոշումը չբողոքարկվի մեր կողմից»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ պաշտպանության կողմն ամեն ինչ անում է օբյեկտիվ քննության համար, ինչից, սակայն խուսափում է օբյեկտիվ քննություն ապահովող կողմը։

Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն այս ընթացքում չի կատարվել, Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Ավելին, ԱԱԾ-ն ընդհատել է Դավիթ Տոնոյանի գործով ապրանքագիտական և պայթյունատեխնիկական փորձաքննության իրականացումը։ Սա նշանակում է, որ քննչական մարմիններին այդպես էլ չի հաջողվում ապացուցել նախկին նախարարի մեղքը, և նրան պարզապես արդեն գրեթե մեկ ամիս կալանքի տակ են պահում։ Միգուցե, ԱԱԾ-ն այդկերպ ցանկանում է կոտրել Դավիթ Տոնոյանի դիմադրությունը, ստիպել, որ ցուցմունքներ տա այլ անձանց դեմ, ինչը, սակայն, անիրականանալի է։

Տոնոյանը, ըստ փաստաբանների, բավական պինդ է և մտադիր է մինչև վերջ պաշտպանել իր անմեղությունը։ Հիշեցնենք, նախկին նախարարը, զենքի մատակարար, «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանն ու ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվել են իբր անորակ և ժամկետանց հրթիռներ գնելու, խոշոր չարաշահումների, պետությանը 4,7 միլիոն դոլար վնաս հասցնելու մեջ։ Նիկոլ Փաշինյանը հրթիռների սկանդալը կոծկելու և մեղքն իր վրայից հեռացնելու համար քավության նոխազներ էր ընտրել, որոնք, սակայն, բնավ մտադիր չեն կատարել իրենց վերապահված այդ անհեթեթ դերը։ Արդյունքում, ի վերջո, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է պատասխան տալու թե՛ պետությանը խոշոր չափերի վնաս հասցնելու, թե՛ անմեղ մարդկանց հանիրավի կալանավորելու համար։ 

Այս թեմայով
am